Պատերազմը
 
<<< Մայր էջ
   
     
 

Նախապես զգուշացնեմ, որ այս հոդվածը նպատակ չունի որևէ երկրի հանդեպ թշնամանք հրահրել։ Սա ընդամենը փորձ է քննարկման ներկայացնել պատմության հնարավոր ընթացքի մի տարբերակ, որը կարող էր տեղի ունենալ տեսականորեն, բայց տեղի չունեցավ և արդեն տեղի չի էլ կարող ունենալ, քանի որ կորցրել է իր արդիականությունը։
Ինչպես որ մենք առանց որևէ թշնամանքի հրահրման արդեն կարող ենք քննարկել Հայաստանի առաջին Հանրապետության գոյության ժամանակ տեղի ունեցած կարճատև հայ-վրացական ընդհարումը որպես պատմական իրողություն, այնպես էլ կարող ենք քննարկել հետևյալ հարցը՝ ի՞նչ տեղի կունենար, եթե 80-ականների անկախության շարժման գաղափարախոսությունը լիներ ոչ թե Արցախի, այլ Ջավախքի ազատագրումը։
Նման պայքարի համար բավականին պարարտ հող կար՝ Վրաստանում առկա էր անջատողական շարժում։ Իսկ ինչո՞ւ Ջավախքը։
Դրա օգտին են խոսում մի քանի հանգամանքներ՝
1. այդ դեպքում մենք կշահեինք ոչ միայն մեր պատմական տարածքները և կապահովեինք մեր հայրենակիցների անվտանգությունը, այլ նաև կունենայինք ելք դեպի ծով։ Անգամ եթե ոչ անմիջականորեն, ապա Աջարիայի միջոցով,
2. Ունենալով դաշնակից ի դեմս Աջարիայի՝ կապահովեինք նաև այնտեղի մեր հայրենակիցների անվտանգությունը։ Այդ երկրամասն էլ իր հերթին կունենար անկախանալու ավելի մեծ հեռանկար,
3. վրացիները դժվար թե կարողանային կազմակերպել Թբիլիսաբնակ մեր հայրենակիցների տեղահանությունը, ինչպես դա տեղի ունեցավ Բաքվում, քանի որ քանակական հարաբերակցությունը հայերի օգտին էր,
4. վրացական պետությունը և բանակը այդ ժամանակ որևէ զգալի ուժ չէր ներկայացնում, քանի որ մի քանի ճակատով պայքարում էր անջատողական շարժման դեմ։
Ունենալով ելք դեպի ծով և դրա շնորհիվ ավելի լավ ապահովելով մեր թիկունքը՝ այնուհետև կարող էինք անդրադառնալ արդեն Արցախի ազատագրման հարցին։
Բայց արդյո՞ք դա չէր լինի ստորություն մեր բարեկամ ազգի նկատմամբ։ Ոչ, եթե հաշվի առնենք որ Հայաստանի համար օրհասական պահերին, երբ խոսք էր գնում հայերիս բնաջնջման մասին, վրացիները չխորշեցին նախահարձակ լինել մեր երկրի վրա և անգամ գրավեցին Լոռին։ Հիշենք, թե ինչ պայմաններում նրանք տիրացան Ջավախքին՝ արդյո՞ք դա պատմական արդարություն էր կամ եղբայրական ազգին հարիր վարվելակերպ։
Մինչդեռ չունենալով ելք դեպի ծով, մենք այսօր փակված ենք մի վանդակում ու ստիպված ենք սպասել մեզ կեր բերող ձեռքին։ Որպեսզի չմոռանան կեր բերել, մենք պարտավոր ենք ամեն օր ծլվլալ՝ հիշեցնելով մեր մասին։ Բայց միևնույն ժամանակ չպետք է շատ ծլվլանք, թե չէ կերակրող ձեռքի գլուխը կտանենք, նա մեզանից կնեղանա ու սոված կթողնի։
Բայց դե եղածը եղած է՝ պատմության ընթացքը չի կարելի փոխել, ուստի մեզ մնում է հպարտանալ մեր Արցախյան հաղթանակով, որը մի փառավոր էջ էր հայերիս համար։
Ու քանի որ այլևս արդիական չէ անկախության շարժումը Զավախքի ազատագրումով սկսելու գաղափարը, ուրեմն կարող ենք ուղղակի քննարկել այդ չնտրված ուղին՝ առանց ռազմատենչ ենթատեքստի, որպես իրողություն։

Հոդվածի նպատակը ընդամենը չկայացած ուղու քննարկումն է։ Ինչպես ասում են երազելը վնասակար չէ։

 
     
 
Սիմոն Ավագյան
 
 
 
  Posted by Simon Avagyan 14/02/2009, last modified 14.02.2009