| |
Ամեն անգամ ընտրությունների ժամանակ սկսվում են ընտրակաշառքի դեպքերի մասին զրույցներն ու քննարկումները: Ընտրակաշառքի երևույթը գոյություն ունի աշխարհի բազմաթիվ /այդ թվում նաև եվրոպական/ երկրներում: Իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում իրականում: Ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ և պե՞տք է արդյոք ընդհանրապես պայքարել:
Դրա համար տեսնենք թե ինչպես են կատարվում ընտրությունները այն երկրներում, որտեղ ընտրակաշառքը շատ քիչ է: Ընտրակաշառքի լրիվ բացակայության մասին չենք խոսում, քանի որ այդպիսի երկիր դժվար թե լինի: Անգամ դեմոկրատիան որպես սրբություն հարգող երկրների ընտրությունները մոտիկից դիտելիս կնկատենք որ “դեմոկրատիայի հրեշտակի” լուսապսակը թղթից է, իսկ թևերը` նկարած:
Ի՞նչ է տեղի ունենում: Պաշտոնի թեկնածուները ծախսում են հսկայական գումարներ ագիտացիայի և ընտրողների “ուղեղները լվանալու” համար: Վարձվում են դիզայներներ, PR-մասնագետներ, տպագրվում են հսկայական քանակությամբ պաստառներ և թերթիկներ, տեղադրվում է գովազդ մասսայական լրատվության բոլոր հնարավոր միջոցներում: Արդյունքում բնակչությունը ընտրություն է կատարում ոչ թե գաղափարների և ծրագրերի միջև, այլ պաստառների գույների և թեկնածուների արտաքին տեսքի միջև:
Հաղթում է ոչ թե լավագույն ծրագիրը ներկայացնողը, այլ իր ծրագիրը լավագույնս ներկայացնողը: Բնականաբար հաղթանակի հավանականությունը ուղիղ համեմատական է ներդրված գումարին:
Ակնհայտ է, որ այս դեպքում ընտրողների ձայները գնվում են, սակայն ի տարբերություն ընտրակաշառքի, գնվում են անուղղակի, միջնորդավորված ձևով: Գնվում են ոչ թե դրամը անմիջապես ընտրողին տալով, այլ այդ գումարով պատվիրելով գովազդ, որն էլ “համոզում է” քաղաքացուն կատարել “ճիշտ” ընտրություն: Արդյո՞ք սա է այն գաղափարը, որը կոչվում է դեմոկրատիա:
Ըստ vesti.ru-ի տվյալների, 2008 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ծախսվել է 2,4 միլիարդ դոլար: Lenta.ru-ի տվյալներով, միայն Բ. Օբաման ընտրարշավի համար հավաքել է ռեկորդային 750 մլն. դոլարի հանգանակություն: Ընտրողների ակտիվությունը ևս ռեկորդային է եղել, Օբամային իրենց ձայնն է տվել մոտ 62 մլն մարդ: Եթե միայն հանգանակված գումարը բաժանենք իրենց ձայները տված ընտրողների քանակի վրա, կստանանք, որ 1 ընտրողը Օբամայի “վրա նստել է” մոտ 12 դոլար: Իսկ որտե՞ղ է այժմ այդ 12 դոլարը: Հօդս է ցնդել միլիոնավոր պատառոտված պաստառների և արդեն պատմություն դարձած գովազդների հազարավոր ժամերի տեսքով:
Արդյոք ավելի արդյունավետ չէ՞ր լինի ուղղել այդ գումարը կարիքավորներին: Իսկ դրա համար ընդամենը անհրաժեշտ է ազնիվ լինել ինքներս մեր առջև և ընդունել, որ նույնիսկ այսօրվա ամենազարգացած դեմոկրատիայի պայմաններում էլ ընտրությունը կատարում է դրամը: Եթե ձայների “միջնորդավորված” գնումը օրինական է, ինչո՞ւ այդ դեպքում չարտոնել նաև անմիջական գնումը: Ընտրակաշառքի վերացման լավագույն միջոցը դրա օրինականացումը կլինի: Դա շոկային հնչողություն ունի, բայց նախքան այս գաղափարը միանգամից մերժելը եկեք մի պահ մտածենք: Միթե՞ այս տարբերակը ավելի լավը չէ, քան այն եվրոպականը, որին ձգտում ենք: Իսկ վերջում կանգնում ենք պատռված պաստառների տեսքով կոտրած տաշտակի առաջ:
Ձայների գնման օրինականացումը կբերի նրան, որ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չի լինի խախտել օրենքը: Հայաստանում օրենքները պետք է լինեն այդպիսին, քանի որ մենք սիրում ենք խախտել դրանք: Մենք տարբերվում ենք այլ ազգերից, ուստի մեր օրենքները ևս պետք է տարբերվեն: Ի վերջո եվրոպացիները գալու են ձայների չմիջնորդավորված գնման գաղափարին և մեզ էլ կստիպեն կիրառել դա: Իսկ ինչո՞ւ մենք չլինենք այն գաղափարի հեղինակը, որի կիրառումը փոխշահավետ է և ընտրողի համար, և ընտրվողի համար: Ընտրողը ստորագրում է պայմանագիր թեկնածուի հետ և ստանալով գումարը` ընտրում է նրան: Իսկ թեկնածուն համոզված է լինում, որ ընտրողը իրեն կընտրի, այլ ոչ թե վերցնելով գումարը` կընտրի իր հակառակորդին: Ստորագրելով պայմանագիրը, թեկնածուն իրավունք է ստանում ներկա գտնվել տվյալ ընտրողի թերթիկը լրացնելու պահին:
Սա չի նշանակում, որ բոլորը ընտրելու են դրամի համար: Այն ընտրողը, որը համարում է, որ իր ձայնը վաճառքի ենթակա չէ` թող քվեարկի իր խղճի ձայնով:
Իսկ ի՞նչ անեն այն թեկնածուները, որոնք ունեն լավ ծրագրեր, բայց չունեն գումար: Որպես տարբերակ կարող են ընտրել ոչ դրամական պայմանագրերը ընտրողների հետ: Այսինքն թեկնածուն պայմանագիր է կնքում իր ընտրողի հետ, որ իր ընտրվելու դեպքում ինքը պարտավորվում է կատարել որոշակի օրենսդրական կամ գործադիր ակտիվություն` կոնկրետ ժամանակացույցի համաձայն: Նա ընտրողին գումար չի տալիս, փոխարենը տալիս է իր ստորագրությյամբ հաստատված ծրագրային խոստումներ, որոնք չկատարելու դեպքում ընտրողը հեշտությամբ կարող է հետ կանչել իր ընտրյալին:
Ընդունելով հանդերձ այս նախագծի ոչ ստանդարտ լինելը, ակնկալում ենք ձեր արձագանքները և մեկնաբանությունները այս հարցի հետ կապված: |
|