| |
Հայաստանում առկա կարևորագույն խնդիրներից մեկը բնակչության աճի ցածր մակարդակն է: Ընդ որում այն ցածր է ինչպես սոցիալապես ծանր վիճակում գտնվող, այնպես էլ միջին բարեկեցություն ունեցող և անգամ լավ ապահովված ընտանիքներում: Եթե սոցիալական պայմանների բացակայության դեպքում այս խնդիրը կարելի է բացատրել, ապա սոցիալապես ապահովված ընտանիքների պարագայում հարցերը ավելի շատ են, քան պատասխանները:
Թողնենք հանգիստ հարուստ ընտանիքները /դրանց քանակը շատ փոքր է/ և փորձենք պարզել, թե ի վերջո որո՞նք են միջին եկամտով ընտանիքների հատվածում բնակչության աճի ցածր ցուցանիշների հիմնական պատճառները և ինչպես կարելի է շտկել դրությունը:
Բնականաբար այստեղ ևս փորձելու ենք գտնել ոչ ստանդարտ մոտեցում: Հիմնական պատճառներից նշենք`
1. անվստահությունը վաղվա օրվա հանդեպ,
2. սեփական հոգսերը չավելացնելու փորձ: Այս մտածողությունը “եվրոպական” ծագում ունի և տարօրինակ է, որ կենցաղային մակարդակի զարգացման հետ միաժամանակ ավելի է թուլանում երեխա խնամելու ցանկությունը,
3. կնոջ աշխատելու ձգտումը մի դեպքում ընտանիքի հոգսը թեթևացնելու համար, մյուս դեպքում կարիերա ստեղծելու և ինքնահաստատվելու համար,
4. աշխատաշուկայում բարձր վարձատրվող աշխատատեղերի սակավությունը, որը նվազեցնում է տվյալ վայրում երկարաժամկետ աշխատելու մոտիվացիան տղամարդկանց մոտ:
Ցանկության դեպքում կարելի է ուրիշ պատճառներ ևս բերել:
Իսկ ի՞նչ ունենք այսօր` պետության ձգտումը ծննդօգնությունը դարձնել անվճար, երեխայի ծնվելուց հետո կարճաժամկետ տրվում է շատ համեստ նպաստ, կնոջ աշխատավայրից ստացվում է միանվագ նպաստ:
Ի՞նչ անել պատճառները հնարավորինս պակասեցնելու համար` միաժամանակ չավելացնելով պետության հոգսը:
Առաջարկվում է երեխայի ծնվելուց հետո ծնողներից որևէ մեկին /ըստ իրենց ընտրության/ մեկ տարով ազատել աշխատավարձից պահվող հարկերից կամ զգալի կրճատել պահումները: Այսինքն տալ ընտրության հնարավորություն` կամ ստանալ ժամանակավոր ամսեկան նպաստը, կամ ստանալ “մաքուր” աշխատավարձ:
Ի՞նչ կտա դա`
ա. գործատուները շահագրգռված կլինեն աշխատանքի ընդունել երիտասարդ ծնողին, քանի որ միևնույն աշխատավարձի դեպքում պահումների բացակայության շնորհիվ այդ աշխատողը ավելի շատ եկամուտ կունենա, քան իր խնամքի տակ երեխա չունեցողը: Վարձատրվելով ավելի շատ` երիտասարդ ծնողը ավելի եռանդով կաշխատի: Այսինքն գործատուն կունենա ավելի որակյալ աշխատակից` չծախսելով լրացուցիչ գումար:
բ. երիտասարդ ծնողը կձգտի կատարելագործել իր հմտությունները, որպեսզի հարկային ազատության ժամկետը լրանալուց հետո ունենա աշխատավարձի բարձրացում կամ ավելի բարձր վարձատրվող աշխատանք:
գ. Այս դեպքում որևէ նպաստի բեռ չի ծանրանում պետության ուսերին:
Կա նաև մեկ այլ միտում` գործատուները շահագրգռված չեն նորապսակ կանանց աշխատանքի ընդունման հարցում, քանի որ մտահոգված են, որ որոշ ժամանակ անց կինը կգնա երեխայի խնամքի արձակուրդ և իրենք ստիպված կլինեն ժամանակավոր աշխատող փնտրել:
Այս խնդիրը ևս կարելի է լուծել, թեպետ մի փոքր ավելի բարդ եղանակով: Եթե կինը մինչև երեխայի ծնվելը աշխատել է, կարելի է երեխայի խնամքի արձակուրդի ժամանակահատվածում նրա ամուսնուն ազատել աշխատավարձի պահումներից ոչ թե ամբողջությամբ, այլ զգալի մասով, իսկ պահումների մնացած մասը փոխանցել կնոջ աշխատավայրի հաշվին: Սա գործատուներին կտա երիտասարդ նորապսակ կանանց աշխատանքի ընդունելու ստիմուլ:
Ընդանուր առմամբ տարբերակները կարելի է զարգացնել, բայց կարևորը սկզբունքն է, ուստի սպասում ենք Ձեր կարծիքներն ու մեկնաբանությունները այս հարցի շուրջ: |
|