| |
Ինչպե՞ս բարձրացնել քաղաքական կուսակցությունների կշիռը մեր երկրի հասարակական կյանքում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի զգա ընտրությունների ժամանակ իր ձայնի կարևորությունը։ Միայն այդ դեպքում քաղաքացիները ակտիվ և անաչառ կմասնակցեն ընտրություններին։
Այսօր, երբ կուսակցություւնները պայքարում են Ազգային Ժողովում տեղ ունենալու համար, ընտրողները դրան հաճախ նայում են անտարբերությամբ։ Նրանք համոզված են, որ իշխանության հասած կուսակցությունը աշխատում է իր շահերի համար, այլ ոչ թե ի շահ հասարակության։
Հասարակությունը մեծամասամբ իշխանությունից սպասում է արդարության հաստատում։ Ընդունված է, որ արդարությունը հաստատվում է օրենքների միջոցով, ուստի ժողովրդավարությունը ենթադրում է, որ ժողովրդի ձայնով պետք է ընտրվեն հատկապես այդ օրենքները ընդունող մարդիկ՝ համարելով, որ այդ դեպքում հասարակությունը կստանա արդար օրենքներ, հետևաբար նաև արդարության զգացում։
Սակայն ժամանակները փոխվում են, մարդիկ նույնպես։ Շատ երկրներում ընտրությունների արդյունքում օրենսդիր պաշտոններ են զբաղեցնում դրամական ռեսուրսներին տիրապետողները, այսինքն օրենքը ստեղծում են նրանք, ում դեմ, սոցիալական արդարության կողմնակիցների կարծիքով, այն պետք է ուղղված լիներ։ Ստացվում է հակասություն, որի պատճառով էլ տարեցտարի նվազում է ընտրություններին մասնակցողների տոկոսը ողջ աշխարհում։
Մյուս հակասությունն այն է, որ սոցիալական ուղղվածության օրենքները անգամ ընդունվելու դեպքում իրականում չեն կատարվում, քանի որ դրանց կատարման վերահսկումը ևս զգում է ֆինանսական լծակների ազդեցությունը։
Հասարակությունը ցավով է ընդունում հատկապես դատական համակարգի անաչառության վերաբերյալ զրույցները, քանի որ այդ համակարգը դարերով համարվել է արդարադատության վերականգնման վերջին օղակ։
Եթե ցանկանում ենք բարձրացնել քաղաքական կուսակցությունների դերը, ապա կարելի է վերջիններիս ներգրավել ոչ միայն օրենսդիր, այլ նաև դատական իշխանության մեջ: Ինչպե՞ս… Օրինակ, երդվյալ ատենակալների դատարանների ստեղծման միջոցով:
Հայտնի է, որ դատարանների նման կառուցվածքը ձախողվել է բազմաթիվ երկրներում: Անգամ ԱՄՆ-ում, որտեղ այն համեմատաբար հաստատուն դիրք ունի, ոչ միշտ է թողնում անաչառ տպավորություն։
Բնական է, որ պետք չէ անգամ փորձել այդ համակարգը կիրառել Հայաստանում, եթե իհարկե այն չի հարմարեցվելու մեր հասարակական մտածողությանը: Իսկ դրան կարելի է հասնել երդվյալ ատենակալների խումբը կազմելով ոչ թե սովորական քաղաքացիներից, այլ կուսակցությունների ներկայացուցիչներից` ըստ ընտրությունների ժամանակ իրենց հավաքած ձայների հարաբերակցության:
Ինչպես որ խորհրդարանում կուսակցության ստացած աթոռների քանակը համեմատական է հավաքած ձայներին, այնպես էլ ատենակալների խմբում կուսակցությունը պետք է ներկայացված լինի ըստ ստացած ձայների։
Արդարադատության գործընթացում մասնակցությունը այնքան պատասխանատու և տեսանելի գործ է, որ շատ հեշտ է ինչպես վարկանիշ հավաքելը, այնպես էլ վարկաբեկվելը։ Ուստի կուսակցությունները նախքան ընտրությունները լավ պետք է մտածեն իրենց մասնակցության նպատակահարմարության մասին։
Որպեսզի դատական համակարգում կուսակցությունների մասնակցությունը ծանր բեռով չնստի հարկատուների ուսերին, կարելի է կրճատել օրենսդիր մարմնի աթոռների քանակը։
Հայաստանի Հանրապետությունը, ունենալով մոտ 30 հզր. քառ. կմ տարածք և 3,2 մլն. բնակչություն ունի 131 պատգամավորական աթոռներից կազմված Ազգային Ժողով։ Բնակչության և պատգամավորական աթոռների նման հարաբերակցության դեպքում Չինաստանը կունենար տասնյակ հազարավոր անդամանոց օրենսդիր մարմին։ Համեմատության համար. Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովն ունի 577 պատգամավոր 60 մլն.-ից ավելի բնակչության և մոտ 600000 քառ. կմ տարածքի պայմաններում։
Ո՞րն է ԱԺ-ի կազմի օպտիմալ քանակը։ Քանի որ ԱԺ-ի ընտրությունների ժամանակ մինիմալ անցողիկ տոկոսը 5-ն է, հետևաբար կուսակցական ցուցակներով 20 պատգամավոր ունենալու դեպքում 5% հավաքած կուսակցությունը կստանա մեկ աթոռ։
20 պատգամավորի դեպքում 50% ձայն հավաքած կուսակցությունը կունենա նույն ուժը, ինչ 200 աթոռի դեպքում, այսինքն տոկոսային հարաբերակցությունը կմնա նույնը ցանկացած քանակի դեպքում։ Կուսակցության տեսակետը հայտնելու համար դա ոչինչ չի փոխի, չհաշված, որ կնվազեցնի ներկուսակցական վեճերը, որոնք հաճախ բերում են փակուղու։
Բացի կուսակցական ցուցակներից, ԱԺ-ում կարող են ընտրվել նաև մեծամասնական ցուցակներով, սակայն ներկայիս 56 աթոռը կարելի է հասցնել 15-20-ի, այսինքն 1-2 պատգամավոր ամեն մարզից՝ կախված մարզի բնակչության քանակից։ Առավելագույնը ստանում ենք 40 պատգամավոր, որը լիովին համապատասխանում է մեր երկրի բնակչությանը։
Կարելի է անգամ ընտրել օրենսդիր մարմնի երկպալատ համակարգը, որի դեպքում ԱԺ-ում կնտրվեն միայն համամասնական 20 պատգամավորները, իսկ վերին պալատը կկազմավորվի մեծամասնական ցուցակներով ընտրված մարզպետներից։ |
|