| |
Արդեն երկար ժամանակ է ինքներս մեզ փորձում ենք համոզել, որ տրանսպորտին հարկավոր է սպասել կանգառում, որ Բոգդանն ավելի շուտ չի գա, եթե մենք տաս մետր առաջ գնանք, որ երթուղային տաքսին պետք է ուղևոր իջեցնի կանգառում այլ ոչ թե խաչմերուկում…
Ակնհայտ է, որ չի ստացվում։ Լինելով տաքարյուն ժողովուրդ, չենք կարողանում երկար սպասել՝ մնալով կանգառում։ Քիչ-քիչ սկսում ենք առաջանալ դեպի խաչմերուկ, երթուղային տաքսին բնականաբար կանգնում է այնտեղ, որտեղ շատ մարդ կա, դե իսկ մարդիկ էլ հավաքվում են այնտեղ, որտեղ կանգնում է տրանսպորտը։
Ստացվում է կախարդական օղակ և կանգառը քայլ առ քայլ տեղափոխվում է այնքան ժամանակ, մինչև կհասնի խաչմերուկին։ Ինչպե՞ս դուրս գալ այս կախարդական շրջանից։
Իհարկե լավ կլիներ, եթե մենք կարողանայինք լինել ավելի համբերատար, այդ դեպքում մենք շատ ավելի արդյունավետ կլինեինք կյանքի բոլոր ասպարեզներում։ Իսկ եթե չի՞ ստացվում։
Մեկ այլ պատճառ էլ կա՝ մենք առօրյա կյանքում սովորականից ավելի ալարկոտ ենք։ Հենց դրա շնորհիվ է մեր միտքը պրպտուն, իսկ մտածելակերպը նորարարական։ Չէ որ հայտնագործությունների մեծ մասը կատարվել են ալարկոտության շնորհիվ։ Չլիներ ալարկոտությունը, չէին ստեղծվի ոչ հեռուստացույցի “պուլտը”, ոչ լվացքի մեքենան, ոչ էլ հեռախոսի “redial” կոճակը։ Բայց նույն ալարկոտությունը մեզ դրդում է տրանսպորտից իջնել ոչ թե կանգառում, այլ ինչքան հնարավոր է մեր տանն ավելի մոտ։ Մենք կլինեինք ավելի կարգապահ, եթե իջնեինք միայն կանգառներում։ Դա վերաբերվում է մեր ողջ կենսակերպին՝ աշխատավայրում մենք հաճախ փորձում ենք անել գործը ոչ թե ըստ նախատեսվածի, այլ այնպես, ինչպես ավելի հեշտ է։
Մի՞թե կանգառներից օգտվելու համար պետք է ազգովի փոխենք մեր սովորույթները։ Պարտադիր չէ։ Ահա առանց մեր սովորությունները փոխելու կանգառները արդյունավետ դարձնելու երեք տարբերակ՝
1. “կնուտի” քաղաքականության։ Օրենքով ամրագրված է, որ ուղևորներ վերցնելու և իջեցնելու պրոցեսը պետք է տեղի ունենա միայն կանգառներում։ Բայց քանի որ մենք չենք սիրում շարժվել ըստ օրենքի, ուստի օրենքը պետք է “շարժվի” ըստ մեզ։
Ուրեմն եկեք փոխենք օրենքը և արգելենք ուղևորներին կանգնել կանգառներում։ Քանի որ մենք սիրում ենք խախտել օրենքը, իսկույն կսկսենք կանգնել հենց կանգառներում։
Սա իհարկե կատակ-տարբերակ էր, բայց ո՞վ գիտի, գուցե օգնի։
2. “պրյանիկի” քաղաքականություն։ Ինչպես դարձնել կանգառները ավելի գրավիչ մարդկանց համար։ Կարելի է օրինակ կանգառներում տեղադրել հեռուստացույցեր, որոնցով ցուցադրել, ասենք ֆուտբոլ, որը կընդմիջվի գովազդով։ Վերջինս կօգնի ծածկել հեռուստացույցի արժեքը։
Բնականաբար սարքերը պետք է լինեն լավ պաշտպանված և մարդկանց հասանելիությունից ավելի բարձր տեղադրված։
3. լավ օրինակ։ Այստեղ կարող են օգտակար լինել երիտասարդական կազմակերպությունները։ Կազմվում են խմբեր, որոնք ուղղակի կանգնում են կանգառներում։ Ասենք, մի կանգառում 30-60 րոպե տևողությամբ կանգնում է 10 հոգանոց խումբ։ Տրանսպորտը կփորձի մոտիկ կանգնել այդ մարդաշատ խմբին, իսկ մնացած ուղևորները՝ տրանսպորտին։ Շարժ կլինի դեպի կանգառ։
Խմբերի մասնակիցներին շահագրգռելու և նրանց կանգնելը ավելի հետաքրքիր դարձնելու համար կարելի է խմբերում կազմակերպել քննարկումներ, ծանոթությունների ակումբներ, անվճար բաժանել որևէ միջոցառման կամ համերգի տոմսեր։
Վերջին տարբերակը մեզ ավելի իրական է թվում։ Իսկ ի՞նչ եք կարծում դուք։ |
|