Գյուտերը
 
<<< Մայր էջ
   
     
 

Տնտեսության զարգացման հիմնաքարերից է նորարարական միտքը, որի վրա է մեծապես հիմնված արտադրանքի մրցունակությունը:
Հայտնագործություններ կատարվում են միշտ և ամենուրեք, սակայն դրանց արդյունքը կախված է օգտագործման արդյունավետությունից:
Ի՞նչ ճակատագիր է սպասվում հայտնագործություններին մեր երկրում:
Նախ գյուտը անհրաժեշտ է գրանցել: Բնականաբար ոչ բոլոր գրանցված գյուտերն են հանճարեղ կամ գոնե կիրառելի: Առկա է նաև հակառակ երևույթը, երբ գյուտը կարող է լինել շատ արդյունավետ գործնական կիրառության մեջ, բայց չգրանցվի պաշտոնապես:
Ի՞նչն է արգելակում մեր գյուտարարներին`
1. գրանցման պրոցեսը պահանջում է ձևակերպման որոշակի գիտելիքներ: Ձևակերպումները ինքնուրույն կատարելիս գյուտարարը վճարում է միայն պետական տուրքը, որը համեմատաբար հասանելի է:
2. ձևակարպումները կարելի է կատարել նաև պաշտոնական հավատարմատարների օգնությամբ, որը ենթադրում է հոնորարի վճարում: Գումարը անհատների համար հաճախ հասանելի չէ:
3. նախորդ կետերը վերաբերվում էին Հայաստանի տարածքում գյուտի գրանցմանը, որը ենթադրում է, որ արտերկրում գյուտը կարող են օգտագործել առանց հեղինակի համաձայնության:
4. Հայաստանը փոքր երկիր է և գյուտը կիրառելու համար պահանջվում է ավելի մեծ շուկա: Կարիք կլինի գյուտը արտոնագրել նաև արտերկրում: Գոնե ԱՊՀ տարածքում ինքնուրույն արտոնագրելը գրեթե անհնարին է, իսկ հավատարմատարի միջոցով` շատ ավելի ծախսատար, քան Հայաստանում գրանցելու դեպքում: Եվրոպական երկրներում գրանցումը անհատ գյուտարարի համար արդեն աստղաբաշխական արժեք է ընդունում, իսկ Եվրասիա + ԱՄՆ տարբերակի մասին չենք էլ խոսում:
Այսօրվա իրավիճակում անգամ համաշխարհային նշանակության հայտնագործություն կատարած մեր հայրենակիցը չի կարող ռեալիզացնել իր գաղափարը /կոպիտ ասած վերածել փողի/, եթե չունի հզոր հովանավոր: Հիմնականում գյուտարարը չի էլ փորձում գտնել հովանավոր և մոռանում է իր գյուտի մասին: Այնինչ համաշխարհային պրակտիկայում կան գյուտեր, որոնք հեղինակներին բերում են հարյուրավոր միլիոն դոլարներ, անգամ տոկոսներ գերհզոր ընկերությունների շահույթից: Օրինակ, մի՞թե վատ կլիներ, եթե սիլիկոնը հայտնաբերվեր մեր երկրում: Իսկ ի՞նչ իմանանք, գուցե և հայտնաբերվել է, սակայն չի գրանցվել:
Անկասկած մենք` հայերս ունակ ենք նշանակալի հայտնագործություններ կատարել: Դրա մասին են վկայում թեկուզ Հովհաննես Ադամյանի և Ռայմոնդ Դամադյանի հայտնագործությունները: Դրանք սակայն նաև վկայում են մի տխուր փաստի մասին` դրանք կատարվել են արտերկրում: Կարժանանայի՞ն արդյոք դրանք նույն հաջողությանը, եթե հեղինակները ապրեին իրենց հայրենիքում, դժվար է ասել:
Ամեն դեպքում մեր նպատակը տխուր իրողությունները ներկայացնելը չէ, այլ լուծումներ առաջարկելը: Ընդ որում պետության համար հնարավորինս քիչ ծախսատար:
Առաջարկվում է հետևյալը`
ա. կազմակերպել գյուտերի ձևակերպման թեմայով դասընթացներ: Մեկ օրվա 2-3 ժամանոց դասը բավական է գյուտարարին ձևակերպման սկբունքներին ծանոթացնելու համար: Դասընթացը անցկացնելու համար բավական է մեկ դասախոս, սակայն շատ ցանկալի է դասին հավատարմատարներից մեկի և Մտավոր սեփականության գործակալության աշխատակցի ներկայությունը: Վերջիններս կարող են տալ շատ մեծ պրակտիկ ինֆորմացիա: Դասընթացները մեծ ֆինանսավորում չեն պահանջում և կարող են անցկացվել նույնիսկ սովորողների հաշվին` շատ հասանելի վճարով:
բ. դասից հետո սովորողները կփորձեն ինքնուրույն ձևակերպել և ներկայացնել իրենց հայտնագործությունը, իսկ հարցեր առաջանալու դեպքում կարող են դիմել մասնագետին էլեկտրոնային փոստով կամ առանձին անցկացվող քննարկում-դասի ժամանակ:
գ. երբ գյուտի հեղինակը փոքր ծախսերով գրանցում է իր գյուտը Հայաստանի տարածքում, հետագա գործընթացում արդեն անհրաժեշտ է ներգրավել բիզնեսի ներկայացուցիչներին: Կազմվում է խումբ, որում կարող են ներգրավվել բոլոր շահագրգիռ գործարարները` անձամբ կամ իրենց ներկայացուցչի միջոցով: Հաշվի առնելով գործարարների զբաղվածությունը, խմբի աշխատանքը տեղի կունենա ոչ թե հավաքների, այլ տեղեկացվելու միջոցով: Այսինքն, նորությունները մասնակիցներին պարբերաբար կուղարկվեն էլեկտրոնային փոստով:
Իսկ ի՞նչ շահ կունենա գործարարը խմբում մասնակցությունից: Եթե գյուտը Հայաստանում արտոնագրելուց հետո հեղինակը ֆինանսապես չի կարող դնել այն կիրառության մեջ, ապա նա կարող է դիմել խմբին` ուղարկելով իր գյուտի նկարագրությունը խմբի բոլոր անդամներին: Եթե խմբից որևէ մեկը հետաքրքրվի գյուտով, ապա կկնքի պրակտիկ կիրառման պայմանագիր հեղինակի հետ: Ընդ որում, եթե նախատեսվում է տվյալ գյուտի հիման վրա կազմակերպել արտադրություն և արտադրանքը արտահանել երկրից դուրս, ապա գործարարը իր վրա կվերցնի նաև արտերկրում գյուտի արտոնագրման ծախսը:
Հեղինակի հետ պայմանագրերը կարող են լինել տարբեր` գյուտի օգտագործում, հեղինակային իրավունքի զիջում և այլն: Ընդհուպ մինչև վերավաճառք` եթե տեղում հնարավոր չէ կազմակերպել գյուտի արդյունաբերական կիրառումը, ապա գործարարը ֆինանսավորում է արտերկրում արտոնագրումը, որից հետո հեղինակային իրավունքները կարող են վաճառվել դրսում և հեղինակն ու գործարարը ստանան նախորոք պայմանագրով որոշված փայաբաժինները:
դ. երբ գործընթացը մտնի հունի մեջ, գյուտարարությունը կդառնա եկամտի աղբյուր ինչպես հեղինակների, այնպես ել բիզնեսի ներկայացուցիչների համար: Դա կբերի նրան, որ ոլորտը գնալով ավելի բարձր տեխնոլոգիական կդառնա: Կավելանան ավելի արժեքավոր և կիրառելի գյուտերը, քանի որ հենց դրանք կարժանանան բիզնեսի հավանությանը:
Ինչպես տեսանք, այս ոլորտը կարելի է արագորեն զարգացնել անգամ առանց անվերադարձ ներդրումների: Այսինքն առկա է ոչ թե զուտ բարեգործություն, այլ փոխշահավետ համագործակցություն, որից օգտվում են բոլորը:
Պետության համար ոլորտը ծախս պահանջողից դառնում է եկամտաբեր: Միակ ներդրումը, որ կարող է պահանջվել պետության կողմից` անհրաժեշտության դեպքում օրենսդրական համապատասխան լրացումն է` գործընթացը ավելի սահուն դարձնելու համար:

 
 
Սիմոն Ավագյան
 
  Posted by Simon Avagyan 04/02/2009, last modified 04.02.2009  
 
 
 

Ձեր կայքի գյուտեր բաժինը ինձ շատ հետաքրքրեց: Ես մտադիր եմ իմ գյուտը ներկայացնել Հայաստանի Մտավոր Սեփականության Գործակալության, այնուհետ այն ներկայացնել Մտավոր Սեփականության Միջազգային Կազմակերպություն (World Intellectual Property Organization –WIPO, http://www.wipo.int/portal/index.html.ru?code=404): Եթե որևէ երկիր վավերացրել է փարիզյան կոնվենցիան, ապա այդ երկրի յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել Մտավոր Սեփականության Միջազգային Կազմակերպություն իր մտավոր սեփականությունը արտոնագրելու համար: Գյուտի դեպքում այս գործընթացը կարող է կազմակերպվել PCT համակարգով, որը հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատել մասնակից երկրներում արտոնագիր ստանալու թե ժամանակը և թե ծախսերը: Զարգացող երկրների համար PCT համակար•ում նախատեսված են զեղչեր` Հայաստանի համար 90%: Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ վերը նշված կայքից, ինչպես նաև Հայաստանի Մտավոր Սեփականության Գործակալության կայքից` http://www.aipa.am/am: Ինքս ունեմ օրենքների փաստաթղթերի ծավալուն հավաքածու, քանի որ ուզում եմ գյուտս հենց PCT համակարգով ներկայացնել Մտավոր Սեփականության Միջազգային Կազմակերպություն: Հայ գյուտարարների իրավունքների նաև միջազգային պաշտպանության համար ես առաջարկում եմ այս հարցով մտահոգ անձանց, ՀՀ կառավարությանը ստեղծել հիմնադրամ, որը կնպաստի Հայաստանում գյուտարարության զարգացմանը և գյուտարարի իրավունքների պաշտպանությանը: Ես կարող էի իմ գյուտը ներկայացնել երեք տարի առաջ, սակայն ֆինանսական միջոցների բացակայությունը թույլ չեն տալիս որևէ բան ձեռնարկել:

Ակնհայտ է, որ գյուտերի ներդնումը տնտեսության մեջ ահռելի տնտեսական շահ կարող է բերել Հայաստանին: Ամենազարմանալին ինձ համար այն է, որ բազմաթիվ հայ գործարարներ ծախսելով խոշոր գումարներ բարերարություն կկատարեն տարբեր ոլորտներում, սակայն լսած չկամ, որ նրանցից որևէ մեկը հովանավորեր որևէ գյուտի իրականացումը, որը ոչ միայն փառք ու պատիվ կբերեր նրան այլ նաև իր շահը: Հիշենք Նիկոլա Տեսլայի օրինակը, որի աշխատանքները ֆինանսավորում էր Մորգանը, այս համագործակցության արդյունքները բոլորին է հայտնի: Առաջարկում եմ ձեր կայքում սկսենք այս հարցերի քննարկումները, որին հնարավոր է հետևի գործնական քայլեր:
Մի շատ զավեշտական վիճակ է ստեղծվում երբ գյուտարարը իր գյուտի արտոնագիրը ազգային փուլում ստանում է, և գումարի բացակայության պատճառով չի կարողանում այն անցկացնել միջազգային փուլով (անցկացնելու դեպքում չի կարողանում վճարել իրավական պահպանության համար անհրաժեշտ գումարը), ապա որոշ ժամանակ անց կամայական երկրում ազատ կարող են օգտագործել այդ գյուտը: Ստացվում է, որ օրինակ Հայաստանում այդ գյուտի հեղինակը Հայաստանյան գործարարից որոշակի գումար կպահանջի իր գյուտը օգտագործելու համար, իսկ օտարներից ոչինչ չի կարող պահանջել: Արդյունքում օտարները այդ գյուտը կօգտագործեն ազատորեն իսկ մենք ոչ, և հնարավոր է, որ որոշ ժամանակ անց այդ գյուտի հիման վրա ստեղծված արտադրանքը վաճառեն Հայաստանին, իսկ եթեգյուտը ռազմավարական նշանակության է, վիճակը ոչ թե զավեշտալի է, այլ պարզապես ողբերգական : Այդպիսին են ազգային և միջազգային օրենքները, որոնց հիմնական նպատակն այն է, որ գյուտը չմնա թղթի վրա և օգտագործվի մարդկանց կողմից: Ցավալին այս ամենում այն է, որ գյուտարարի իրավունքների պաշտպանեությունը զգալի գումարների հետ է կապված, որը գյուտարարը սովորաբար չունի: Վերջնական արդյունքն այն է լինում, որ գյուտարարը որպես այդպիսին չի ստանում ասպարեզ գործելու, ստեղծելու նոր գյուտեր: Նրա գաղափարները պարզապես կորչում են: Մենք գիտենք, որ դարեր շարունակ հայ ստեղծագործ միտքը այնտեղ որտեղ նրան գործելու ասպարեզ է տրվել հրաշքներ է գործել: Ամենակարևորն այստեղ այն է, որ մարդկանց որոնք ունակ են արարելու տրվեն հնարավորություններ: Ահա այս մասին պիտի հոգ տանի պետությունը, շահագրգիռ կազմակերպություններն ու անձինք:

 
 
Ամբերդ Մովսիսյան
 
  Posted by Amberd Movsisyan 30/09/2009, last modified 30.09.2009  
 
 
 
Ինձ նույնպես հետաքրքրեց այստեղ քննարկվող թեման, և, քանի որ սա նոր լուծումներ առաջարկելու կայք է, ապա փորձեմ կատարել իմ փոքրիկ ներդրումն այստեղ՝ հուսալով, որ պատկան մարմիններն այս կողմերով անցնելիս ուշադրություն կդարձնեն նաև այս նկատառումներին: Քանի, որ ինքս նույնպես անցել եմ այս թոհուբոհի առաջին փուլերով և վստահաբար ետ եմ կանգնել, քանի որ գրանցման և՛ ընթացքը և՛ գները մեծ խոչընդոտ են հանդիսանում նոր մտքերի հավաքագրման համար: Այդ պատճառով կարող եմ առաջարկել հետևյալ երկու տարբերակները

ԱՄՍԱԳՐԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ: Գյուտերի գրանցում կատարվի ամենամսյա թվային և թղթային պարբերականի միջոցով, որտեղ կհրապարակվեն ցանկացած տեսակի օգտակար մոդելի և գյուտի նկարագրություն. Գյուտերի նկարագրության համապատասխան գծագրերի համար յուրաքանչյուր գյուտի համար կարող է հատկացվել որոշակի տարածք. Գյուտի հրապարակումն արդեն, իսկ կնշանակի, որ տվյալ գյուտը պատկանում է տվյալ անձին. Գյուտի ներքևում կգրվի դրա հեղինակի կոնտակտները՝ հետաքրքրվողների համար: Այսպիսով գյուտի հեղինակն ինքը շահագրգռված կլինի գյուտի նկարագրության ճշգրտության և դիպուկ լինելու հարցում, այլ, ոչ թե գյուտի կամ օգտակար մոդելի նկարագրության համար օրենսդիրը կսկսի օրենսդրական մակարդակով սահմանել մի մեծ շարք չափանիշներ, ընթացակարգ և այլն: Իսկ գյուտի կամ օգտակար մոդելի օգտակարության կամ պիտանելիության մասին արդեն թող մտահոգվեն շահառուները (վաճառողը և գնորդը): Պետությունն արդեն վճար կվերցնի ամսագրում տեղի համար, օրինակ՝ որպես կոպիտ չափանիշ կարելի է ասել 1քսմ- 500 դր՝ որքան ծավալուն կլինի նկարագրություն այնքան թանկ կարժենա նկարագրողին: Պետության գործառույթը կլինի հեղինակության ճանաչումը, իսկ դրա գրանցումը կկատարվի մեխանիկորեն՝ ամսագրում հրապարակելով: Եթե նույն գյուտը նախկինում հրապարակված լինի, ապա հրապարակողն անիմաստ գումար կվատնի իր անունով դա հրապարակելու դեպքում, քանի որ միևնույն է դրա հեղինակային իրավունքները կպատկանեն նախկին հրապարակողին: Սա հնարավորություն կտար դուրս հանել այն բոլոր ավելորդ ֆիգուրներին (հավատարմատարներին, Մտավոր Սեփականության Գործակալության անձնակազմի 80%), որոնք միայն բյուրոկրատական խոչընդոտներ են առաջացնում` ավելի շատ վնասում են քան օգուտ տալիս:

ՓԱՅԱԲԱԺՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ: Այս մեխանիզմը շատ ավելի հեշտ ներդրվող է քան նախորդը, սակայն կպահանջի գյուտարարներից իրենց գյուտից կամ օգտակար մոդելից առաջացող եկամուտներ որոշակի բաժնեմասից հրաժարում, որպես վճար հենց այդ, իսկ գյուտի կամ օգտակար մոդելի գրանցման աշխատանքներով զբաղվող կազմակերպության օգտին: Այդ հարաբերակցությունը կարող է լինելի 50/50, կամ այլ տեսակի, սակայն շահավետ կլինի բոլոր կողմերից՝ և պետության և՛ հեղինակի և՛ տվյալ գործակալության համար: Տվյալ պարագայում հեղինակը համապատասխան պայմանագիր կնքելուց հետո, իր գյուտի կամ օգտակար մոդելի նկարագրությունը բանավոր կամ գրավոր կերպով տալիս է տվյալ գործակալությանը, որն, իսկ հետագա գրանցման դրա իրավունքների պաշտպանության և այլ տվյալ գյուտի հետ կապված հարցերով կզբաղվի արդեն, իսկ կազմակերպություն, իսկ հեղինակը կարող է ուղղակի վայելել իրեն հասանելի եկամուտները: Ցավող նման կազմակերպություն հայաստանում որքան ինձ հայտնի է չեն գոծում, որոնք կկարողանան հանձն առնել նման պատասխանատու և շահութաբեր գործը, պետությունն էլ իր հերթին պետք է հարկային և այլ տեսակի արտոնություններ սահմանի դրանց համար: Սա հզոր զարկ կտա ոչ միայն արդյունաբերության այլ նաև գիտության և կրթության զարգացման, քանի որ դա արդեն ակնհայտ շահավետ կլինի:

 
 
Գագիկ
 
  Posted by Gagik 14/10/2010, last modified 14.10.2010