| |
Սա և' նախագիծ է, և' հոդված, քանի որ գրավում է միջանկյալ դիրք այդ երկուսի միջև: Անվանենք այն վերլուծություն: Սա թերևս կայքի միակ գլոբալ վերլուծությունն է և արված է ցույց տալու համար, որ դա էլ ունենք, և որ գլոբալ նախագծերով չենք զբաղվում ոչ թե որովհետև չենք կարող, այլ որովհետև չենք ուզում:
Այստեղ մեզ հուզող հարցն է` ի՞նչ ենք ուզում տեսնել և ի՞նչ ենք տեսնելու մեր պատուհանից մի քանի տարուց հետո: Կդիտարկենք զարգացման չորս սցենար` ռուսամետ, եվրոպամետ, ամերիկամետ և ինքնուրույն:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ԱՆԿՈՂՆՈՒՄ
Մեզ` հայերիս մոտ ռուսամետությունը զարգացած է գենետիկ մակարդակով: Եթե վաղը գիտնականները վերծանեն հայերիս գենոմը, գուցե հայտնաբերվի այն գենը, որը պատասխանում է ռուսասիրության համար:
Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, մեզ մնում է միայն զարմանալ, թե ինչու՞ ենք մենք սիրում Ռուսաստանը ավելի շատ, քան իրենք ռուսները: Ի՞նչ է դա` Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալու ցանկություն, թե՞ սեր առաջին հայացքից: Եթե դա սեր է, ապա ոչ համարժեք:
Միամտություն կլինի կարծել, թե Ռուսաստանը երազում է մեր բարեկեցիկ կյանքի մասին: Ինչպես և մեկ դար առաջ, այսօր էլ Ռուսաստանին հարկավոր է "Հայաստանն առանց հայերի". Այդ համոզմանն են բերում բոլոր վերլուծությունները:
Ռուսաստանը երբեք չի հավատացել մեր անկեղծությանը և յուրաքանչյուր դեպքում պահանջել է լրացուցիչ երաշխիքներ` Հայաստանի կախվածությունը ավելացնելու տեսքով: Փոխարենը մենք ցուցաբերել ենք նվիրվածություն առանց որևէ երաշխիքի, որի արդյունքում դարձել ենք մեր իսկ հարևանների "աչքի գրողը":
Հայաստանը դարձել է ատամի արանքը մտած մսի կտոր իր իսկ հարևանների համար` ներվերի վրա ազդւմ է, բայց ոչ կարողանում են հանել, ոչ էլ կարողանում են մոռանալ:
Արդյունքում մենք ամբողջովին կախում ենք ստացել Ռուսաստանից և ստիպված ենք ենթարկվել այդ երկրի բոլոր քմահաճություններին` ապահովելու համար մեր անվտանգությունը այն հարևաններից, որոնց հետ թշնամացել ենք հենց Ռուսաստանին նեցուկ կանգնելու համար:
Ո՞րն է այս կախարդական շրջանից ելքը:
Եթե մեր երկիրը Ռուսաստանին հարկավոր է առանց մեզ` միայն որպես պլացդարմ, միգուցե առաջարկե՞նք նրանց տարածքների փոխանակում: Մենք կփոխանցենք Ռուսաստանին մեր տառապանքով պահած-պահպանած 29000 քառ. կմ-ը: Թող կառուցեն իրենց ռազմական բազաները: Փոխարենը պահանջենք համարժեք տարածք Ռուսաստանի սևահողերով պատված անծայրածիր ծայրերից մեկում: Կարելի է նաև ավելի շատ տարածք խնդրել քան մերն է` մի քանի հազար քառ. կմ.-ը Ռուսաստանի համար եղանակ չի փոխում: Ազգովի տեղափոխվենք նոր տարածք և զարգանանք հողային ու կոմունիկացիոն հարուստ ռեսուրսներով երկրում: Որպես պարտադիր պայման պետք է ընտրել բացի Ռուսաստանից այլ երկրի հետ ևս ընդհանուր սահման ունենալը։
Ռուսաստանը դժվար թե համաձայնվի նման պայմանով տարածք տրամադրել իր եվրոպական մասում, բայց մեզ ձեռնտու է նաև Ղազախստանի հետ սահմանամերձ գոտին։
Այդ դեպքում կունենանք իրական անկախության հնարավորություն։
ԵՎՐՈՇԼԱԳԲԱՈՒՄ
Հասկանալու համար եվրոպամետ քաղաքականության իմաստը անհրաժեշտ է նախ պարզել թե ինչ է ընդհանրապես Եվրոպան։
Երկրները սովորաբար միավորվում են մի որևէ ընդհանրության շուրջ։ Ընդհանրությունները կարող են լինել բազմազան՝ ընդհանուր լեզու, ընդհանուր անցյալ, ընդհանուր մշակույթ, ընդհանուր թշնամի և այլն։
Միայն տարածքային պատկանելության վրա հիմնված միավորումը անհեռանկարային է։ Իսկ ի՞նչն է միավորում եվրոպական երկրներին՝ բացի միևնույն երկրամասին պատկանելը։ Լեզու՞ն։ Ո՛չ, անգամ հին Եվրոպայի կորիզը համարվող հզորագույն եռյակը (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա) խոսում է տարբեր լեզուներով։ Անգամ “Եվրոպա” բառը այդ երեք լեզուներով հնչում է տարբեր կերպով։
Պետք էլ չի հիշեցնել այս երկրների միջև դարեր տևած պատերազմների մասին։
Մշակույթի և սովորությունների ընդհանրությունը միայն թվացյալ է։ Իսպանացիների ամենասիրելի ծեսը միանգամայն անընդունելի է ֆրանսիացիների համար, իսկ իտալացիների էությունը 180 աստիճանով հակասում է անգլիացիների էությանը։
Միավորումը միայն տարածքային էլ չէ, քանի որ եվրոպական աշխարհամասի ոչ բոլոր երկրներն են ցանկալի եվրոընտանիքում։
Այդ դեպքում ինչի՞ շուրջ է միավորումը։
Ամենայն հավանականությամբ եվրոպացիները ցանկանում են միավորվել իրենց կյանքի որակին հավասար բարեկեցություն ունեցող այլ եվրոպացիների հետ, կամ գոնե իրենց բարեկեցությանը ձգտող և դրան հասնելու հնարավորություն ունեցողների հետ։ Տրամաբանությանը պարզ է՝ շարքային եվրոպացին աշխատում է բնակվել այն տանը, որի հարևաններն ունեն իրեն հավասար եկամուտ։ Ավելի ցածր եկամուտ ունեցող հարևանը միշտ նայելու է հարուստ հարևանի ձեռքին։ Մյուս կողմից էլ ավելի հարուստ հարևանը իր երեխային կգնի այն, ինչ դու չես կարող քեզ թույլ տալ, իսկ դա արդեն բերում է ինքնագնահատականի անկման։
Այժմ այս համակարգը եվրոպացիները ձգտում են գլոբալացնել պետությունների մակարդակով՝ այսինքն ապրել այն երկրների հետ, որոնց կյանքի որակը հավասար է։ Իզուր չէ, որ նրանք դա կոչում են եվրոպական հարևանություն։
“Վերադառնալով մեր ոչխարներին” , հասկանում ենք, որ քանի մենք չունենք այդ երկրներին հավասար կյանքի որակ, չենք կարող հավակնել հարևան լինելուն։ Աղքատ հարևան ոչ ոք չի ուզում ունենալ։
Ինչքան էլ մենք եվրոնորոգենք մեր բնակարանները, միևնույնն է, բացելով մեր եվրոպատուհանները՝ տեսնում ենք նույն “հայկական փողոցային սալաթը”։
Հատված եվրոպական խոհանոցային գրքից. “հայկական փողոցային աղցան պատրաստելու համար 2 բաժին ծխախոտի մնացորդին պետք է ավելացնել 4 բաժին չրթած արևածաղկի կեղև, 2 հատ երկար ժամանակ ծամած ծամոն, 1 բաժին թուք և համեմել այդ ամենը օգտագործած լիցքավորման քարտով կամ ճմրթած դրամարկղային կտրոնով։ Բարի ախորժակ։ Սիրելի եվրոպացիներ, եթե ձեզ դուր եկավ այս սալաթը, կարող եք հրավիրել Հայաստանին ձեր տուն և նա սիրով կպատրաստի այս աղցանը նաև ձեզ համար”։
Սա մի տարածված տեսակետ է, որը ենթադրում է, որ մենք պետք է եվրանորոգենք ոչ միայն մեր տները, այլև մեր երկիրը։
Սակայն կա նաև մեկ այլ տեսակետ, որը մեզ ավելի մոտ է՝ իսկ պե՞տք է արդյոք եվրոփոփոխվել։ Ինչու՞ թերագնահատել մեր արժեքները և գերագնահատել ուրիշինը միայն նրա համար, որ նրանց կյանքի մակարդակը ավելի բարձր է։ Արդյո՞ք նրանք այդ մակարդակին հասել են իրենց արժեքային համակարգին հետևելով, թե այն ռեսուրսների հաշվին, որոնք մենք չենք ունեցել և որոնց առկայության դեպքում մենք մեր արժեքային համակարգով կհասնեինք ավելի բարձր ցուցանիշների։
Հօգուտ վերջին տեսակետի է խոսում այն փաստը, որ եվրոպոիդ եվրոպացիների քանակը գնալով նվազում է, և եթե անգամ եվրոերկրներում կա բնակչության աճ, ապա այլ արժեքային համակարգերի կրողների շնորհիվ։ Այսինքն բնությունը ինքն է որոշում, թե որ գենոտիպը պետք է զարգանա, և որը վերանա։
Թերթելով պատմության էջերը, նկատում ենք, որ եվրոպական արժեքային համակարգի այն տարրերը, որոնք այսօր քարոզում են եվրոպացիները, մեր տարածաշրջանում վաղուց արդեն փորձարկվել են և հանվել են կիրառությունից իրենց չարդարացնելու պատճառով։ Նույն համասեռամոլությունը, որի իրավունքների պաշտպանությունը փորձում ստիպել նաև մեզ, տարածված է եղել դեռևս հին Հռոմում և վերջիվերջո մարդկությունը հասկացել է որ դա սխալ է։ Սակայի երևի մնացել են մի քանի անհասկացողներ, որոնք էլ այսօր ստիպում են մեզ նորմալ վերաբերվել համասեռամոլներին։
Մենք ոչ միայն հետամնաց չենք, այլև շատ առումներով ավելի հասուն ենք։ Մեզ չեն հասկանում, որովհետև մենք ավելի առաջադեմ ենք եղել, քան մեր հարևանները։ Մեզ չեն ընդունել, ինչպես որ չեն ընդունել Գալիլեյին՝ երկրի կլոր լինելը պնդելու համար։
Հին հույները մեր նախնիներին համարում էին հետամնաց, որովհետև մերոնք կրում էին տաբատ, իսկ իրենք ման էին գալիս մերկ։ Հետևությունն արեք ինքներդ։ Հետևությունը կլիներ ծիծաղելի, եթե նույն սկզբունքը չգործեր նաև այսօր։
Մեզ փորձում են համոզել, որ հետամնաց ենք, քանի որ չենք վերացնում մահապատիժը։ Ու դա փորձում են անել այն չակերտավոր զարգացած եվրոպացիները, ում նախնիները դեռևս 2 դար առաջ տարվա մեջ լողացել են մեկ անգամ՝ Զատիկին, ում թագավորները իրենց բնական կարիքները բավարարել են թագավորական պալատների միջանցքներում, իսկ օծանելիքը կիրառել են մինչ հաջորդ Զատիկ գարշահոտությունը գոնե մի քիչ մեղմելու համար։
Բայց չէ որ դեռ դարեր առաջ մեր նախնիները արդեն փորձել են արգելել մահապատիժը։ Այն ժամանակ եվրոնախնիները քննադատել են նրանց, քանի որ իրենց մոտ մահապատժի մի ամբողջ գիտություն է եղել բոլոր հնարավոր մարդկային և անմարդկային տանջանքներով։
Այսօր մեզ քննադատում են մահապատիժը չվերացնելու համար, 100 տարի հետո կքննադատեն վերացնելու համար և այդպես շարունակ։
Իսկ ինչու՞ ենք փորձում հետևել իրենց ասածներին։ Որովհետև իրենք ավելի լավ են ապրում։ Սա սխալ մոտեցում է։ Նույնիսկ եթե մենք ապրենք իրենց արժեքային համակարգով՝ միևույնն է ոչնչի չենք հասնի, քանի որ անհրաժեշտ են նաև այլ ռեսուրսներ։
Անհեռանկար է նաև այն հույսը, թե եվրոպացիները մեզ թիկունք կկանգնեն։
Պատմությունը հուշում է, որ ամեն անգամ մեր այդ եվրոհույսերը վերածվում են եվրոհուսախափության, իսկ եվրոերազները՝ եվրոերազախափության։
Միակ արժեքը, որը մենք պահպանել ենք պատմության ընթացքում ամենադաժան բռնությունների ենթարկվելուց անգամ՝ դա մեր կրոնն է։ Թող անպարկեշտ չհնչի, բայց ինչ-որ իմաստով դա մեր կուսությունն է։ Անգամ մեր կուսությունը կամովի առաջարկեցինք եվրոպացիներին (խոսքը Կիլիկյան Հայաստանի մասին է)։ Ու ի՞նչ՝ ոչինչ։ Մեզ թիկունք չկանգնեցին ու չեն էլ կանգնելու։ Վրաստանի օրինակը վկա։
Ինչու՞ ենք այդ դեպքում ձգտում մեր արժեքները սինխրոնիզացնել իրենց արժեքների հետ, եթե դա մեզ ոչինչ չի տա՝ ինչպես միշտ մնալու ենք եվրոշլագբաումից այս կողմ։
ՊՈՊԿՈՌՆՆ ՈՒ ԱԴԻԲՈՒԴԻՆ
Ժամանակին Կոլումբոսը ուզում էր հասնել Հնդկաստան, բայց հարավի փոխարեն ուղղություն վերցրեց արևմուտք և հասավ Ամերիկա։ Հետևելով այդ տրամաբանությանը, Ամերիկայի համար էլ պետք է գնալ ոչ թե արևմուտք, այլ հարավ։ Ամերիկան բնականաբար ընկած է մեզանից արևմուտք ու բավականին հեռու, բայց Ամերիկայի բանալին գտնվում է շատ ավելի մոտ՝ հարավում, մի երկրում, որը կոչվում է Իսրայել։
Միգուցե Ամերիկան ավելի մոտ է, քան թվում է, իսկ նրա օժանդակությունը ավելի անշահախնդիր է, քան կարծում ենք։
Ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ մի կնճռոտ հարց, մի սեպ, որի անունն է Թուրքիա։ Ամերիկան ունի տարածաշրջանային դաշնակից ի դեմս Թուրքիայի և Հայաստանի հետ հարաբերությունները կառուցում է այդ տեսակետից ելնելով։ Թվում է ամեն ինչ լավ կլիներ, եթե Թուրքիան ընդուներ 1915 թվականի ցեղասպանության փաստը։ Մեր պահանջը բավարարված կլիներ, կբարելավվեին հարաբերությունները և Թուրքիայի, և Ամերիկայի հետ։ Բայց արդյո՞ք դա պետք է Թուրքիային։ Չկա որևէ հիմնավոր արգումենտ, որ Թուրքիային ձեռնտու է Հայաստանի գոյությունը որպես երկիր, առավել ևս զարգացած։ Անգամ Ամերիկան ի զորու չէ ստիպել Թուրքիային հաշտվել Հայաստանի գոյության հետ։
Ի՞նչ է մտածում այս ամենի մասին Իսրայելը։ Չէ՞ որ հրեաների ճակատագիրը նման է հայերիս ճակատագրին։ Սառը դատելով կհամոզվենք, որ մենք չենք կարող պահանջել մեր շահերի պաշտպանություն մի երկրից, որը ամեն վայրկյան կանգնած է լինել-չլինելու խնդրի առջև։ Բնական է, որ իրենց առաջնային խնդիրը սեփական երկիրը պահպանելն է, որը ենթադրում է դաշնակցային հարաբերությաններ Թուրքիայի հետ։
Իհարկե, ցանկության դեպքում հրեաները կարող են կաղինը կրակից հանել ուրիշի ձեռքերով՝ ընդունելով ԱՄՆ կոնգրեսում ցեղասպանության բանաձևը։ Չէ որ բանաձևի հակառակորդների շարքերում են ազգությամբ հրեա կոնգրեսականները։ Մենք կարող ենք պարսավել հրեաներին, դա համարելով անընդունելի քայլ ցեղասպանություն վերապրած ազգի կողմից, բայց նրանք էլ կարդարանան, որ հայերը ևս մասնակցել են հրեաների ցեղասպանությանը։ Թեև չգիտակցելով դա, հայկական որոշ ջոկատներ երկրորդ համաշխարհայինի շեմին եղել են պատժիչ ջոկատների կազմում։ Մենք չենք ուզում խոսել այդ մասին, քանի որ դա եղել է ոչ թե մտածված քաղաքականություն ազգային գաղափարի մակարդակով, այլ սադրիչ պրոպագանդայի զոհ դարձած խմբերի գործողություն։ Բայց միգուցե հրեաները սպասում են, որ մենք ընդունենք այդ փաստը և ներողություն խնդրենք։
Ամեն դեպքում մենք կարող ենք հարաբերությունները մերձեցնել Իսրայելի հետ, ԱՄՆ-ի հետ, բայց ինչպե՞ս վարվենք Թուրքիայի հետ, որը դեմ է դրան։ Մենք չենք կարող լավ հարաբերություններ ստեղծել ԱՄՆ-Իսրայել-Թուրքիա եռյակից որևէ մեկի հետ` անտեսելով մյուս երկուսին` կոշիկով շրջելու համար հարկավոր է ունենալ զույգ կոշիկ: Մեր դեպքում ԱՄՆ-ը և Թուրքիան կոշիկի զույգն են, իսկ Իսրայելը` "ռոժոկը":
Ստացվում է, որ Ամերիկան այդքան էլ մոտիկ չէ։ Այն հեռվում նշմարելու համար պետք է լինել հեռատես՝ ընդ որում նաև քաղաքական իմաստով։ Իսկ դա հուշում է, որ պետք չէ գնել կոշիկի միայն մի ոտքը։
ՄԵՐ ՇԱՊԻԿԸ
Իսկ ի՞նչ անենք, եթե չենք ուզում տարածքներ փոխանակել Ռուսաստանի հետ։
Եվրոպան պարզվեց “քըխ ա”, իսկ Ամերիկան՝ հեռու։ Իսկ ինչու՞ չզարգանանք մեր սեփական ուժերով՝ առանց ուրիշին “սապոնվելու”, ասենք “սինգապուրյան հրաշքի” տարբերակով։ “Կգործի՞ արդյոք սինգապուրյան բանաձևը մեր երկրում և եթե ոչ, ապա ինչու՞” հարցը կքննարկենք առանձին՝ “Մեր Սինգապուրը” հոդվածում։ Իսկ սեփական ռեսուրսներով զարգացման հարցը ուղղակի անհրաժեշտ է քննարկել։ Ինչպես ասում են սեփական շապիկը մարմնին ավելի մոտ է։ Դրա համար անհրաժեշտ է հասկանալ մեր ազգի առանձնահատկությունները, դրական և բացասական կողմերը։
Ի՞նչ ենք մենք ուզում՝
ա) ամեն ինչ,
բ) միանգամից,
գ) առանց ջանքեր թափելու:
Այսինքն մենք բնույթով մաքսիմալիստ ենք ու եթե այլ ազգերը բավարարվում են նշված ցանկություններից մեկ-երկուսով, ապա մեզ պետք են բոլորը միաժամանակ։
Նշենք ուրիշ յուրահատկությունները՝ բաժանելով դրական և բացասական կողմերը՝
- ազգային մասշտաբով “տոտեմի” բացակայությունը։ Մի ազգի մոտ այդ “տոտեմը” երկրի օրենքներն են, մյուսի մոտ կրոնը կամ կրոնի սպասավորները, մեկ այլ ազգի մոտ՝ տարեցները։ Իսկ մեր երկրում բնակչության մի հատվածի համար հեղինակություն է երկրի օրենքը, մյուս մասի համար գողական աշխարհի ներկայացուցիչը, մեկ այլ մասի համար էլ եկեղեցին։ Չկա այս հեղինակություններից որևէ մեկի բացարձակ գերիշխող դերը ամբողջ ազգի մասշտաբով,
- մենք տաքարյուն ազգ ենք՝ չենք սիրում սպասել, շուտ ենք նյարդայնանում,
+ ձեռքից շնորքով ենք։ Շատ երկրներում հայերը համարվում են լավագույն արհեստավորները,
- չենք կարողանում համատեղել հաճելին և օգտակարը, ստանալ հաճույք կատարած գործից, ի սրտե ուրախանալ,
- միակ բանը, որ Հայաստանում արտադրվում է կայուն կերպով և մեծ քանակությամբ դա ստամոքսահյութն է։ Առավորյան արթնանալիս առաջանում է “ի՞նչ ուտել” միտքը, որը այնուհետև ուղեկցում է մեզ ամբողջ օրվա ընթացքում։ “Քեֆ-ուրախություն”, “ծնունդ-կնունք”, “Նոր Տարի” և էլի ուրիշ բառակապակցություններ մեզ մոտ ասոցիացվում են ուտելիքի սեղանի հետ։
+ ունենք շատ լավ զարգացած տրամաբանություն և պատճառահետևանքային կապերի վիրտուոզ տիրապետում:
Կարելի է երկար գրել մեր դրական և բացասական առանձնահատկությունների մասին: Ընդ որում բացասականի շատ լինելը բոլորովին չի նշանակում թե մենք վատն ենք: Մենք այնպիսին ենք, ինչպես կանք` մենք յուրահատուկ ենք, նման չենք բոլորին: Վերլուծելով բերված հատկանիշները, հասկանում ենք, որ մեզ ընդամենը անհրաժեշտ է գտնել մեր սեփական զարգացման ուղին:
Եթե որևէ համակարգ մեզ մոտ չի աշխատում, ապա պետք է ոչ թե փորձենք փոխվել այդ համակարգին համապատասխան, այլ փոխենք համակարգը ըստ մեր առանձնահատկությունների: Դա կարող է լինել նախագծերի տեսքով` ամեն ոլորտի համար իր նախագիծը:
Պետք չէ վախենալ մեր սեփական մոտեցումները մշակելուց, եթե անգամ դրանք բոլորովին նման չեն այլ երկրների նմանատիպ մոտեցումներին: Իսկ ինչու՞ պետք է նման լինեն: Եթե մենք տարբերվում ենք այլ ազգերից, հետևաբար մեր ապրելակերպը ևս պետք է տարբերվի ուրիշներից:
Սա է այն մոտեցումը, որը ուզում ենք առաջ քաշել մեր կայքի միջոցով: |
|