Երթևեկությունը
 
<<< Մայր էջ
   
     
 

Մեր երթևեկության կանոնները շատ նման են այլ երկրների (օրինակ Ռուսաստանի) կանոններին։ Բայց արդյո՞ք մեր մտածելակերպը նման է նրանց մտածելակերպին։ Կամ արդյո՞ք մեր ճանապարհային նշանակումները նույնքան միանշանակ են։ Իհարկե ոչ։
Ի՞նչ սկզբունքային բացեր կան գործող կանոններում՝
1. վարորդները բողոքում են, որ ճանապարհային նշանները երբեմն չեն երևում։ Լինում են դեպքեր, երբ վարորդը չի նկատում նոր տեղադրված նշանը և ակամայից խախտում է կատարում։
2. հիմնականում խախտվող հոդվածները (կարմիր լույս, հոծ գիծ և այլն) միևնույն կետի տակ են։ Կարմիր լույսի տակ անցնելու համար տուգանված վարորդը հոծ գիծը հատելու դեպքում կտուգանվի որպես խախտումը կրկնած։
3. տուգանքները համարժեք չեն տարբեր եկամուտներ ունեցող վարորդների համար։ Մեծահարուստը կարող է իրեն թույլ տալ բազմիցս խախտել կանոնները, քանի որ վճարունակ է, իսկ փոքր եկամտի տեր վարորդը ստիպված է լինում վճարել իր վերջին լուման։
Ավելի արդյունավետ աշխատող կանոններ ունենալու համար կարելի է ելնել հետևյալ սկզբունքներից՝
1. կանոնների միևնույն կետի կրկնակի խախտում համարել ոչ թե նույն հոդվածի խախտումը երկրորդ անգամ, այլ միևնույն հոդվածի խախտումը միևնույն վայրում։ Այսինքն, եթե վարորդը անտեսել է կանգառն արգելող նշանը Մաշտոցի պողոտայի վերջնամասում, ապա նույն պողոտայի սկզբնամասում այդ նույն խախտումը կատարելու համար նա տուգանվի նույնքան, ինչքան առաջին դեպքում։
Տուգանքի արձանագրության մեջ տեսուչը պետք է նշի կոնկրետ որ վայրում կոնկրետ որ համարի նշանն է անտեսել վարորդը (բոլոր նշանները պետք է ունենան իրենց համարները)։ Ընդ որում, առաջին անգամ տուգանքը պետք է լինի ներկայումս գործողից կրկնակի անգամ ավելի ցածր, իսկ երկրորդ անգամ միևնույն վայրում միևնույն խախտումը կատարելու դեպքում՝ այժմ գործողից կրկնակի բարձր։ 3-րդ անգամ՝ եռակի և այլն։ Այս սկզբունքը կարող է գործել միայն ճանապարհային նշանները անտեսողների նկատմամբ։ Բնականաբար  այն չի գործի այլ խախտումների (ասենք հոծ գիծը հատելու) դեպքում։
Այսինքն մենք ընդառաջում ենք վարորդին առաջին անգամ, հավատալով, որ նա չի նկատել նշանը և ակամայից է խախտում կատարել։ Սակայն, եթե նա նույն վայրում կրկնում է խախտումը, ակնհայտ է, որ նա իմանալով է դա կատարել՝ ուստի տուգանքը ևս կլինի համապատասխան։ Այսինքն, բարձրացնելով վարորդների լոյալությունը և տուգանքները դարձնելով ավելի նպատակակետային՝ միաժամանակ ավելացնում ենք նաև տուգանքներից ստացված բյուջեի մուտքերը։
2. տուգանքների վերջնական նպատակն է ոչ թե դրամի հավաքումը, այլ խախտումների պակասեցումը։ Ֆինանսական լծակը պետք է լինի այնպիսին, որ զգալի լինի բոլոր խավերի համար՝ միաժամանակ սննկացուցիչ չլինելով ցածր եկամուտներով վարորդների համար։
Տուգանքները պետք է ունենան ոչ թե միայն կոնկրետ արժեք, այլ կոնկրետ արժեք՝ բազմապատկված որոշակի գործակցով։ Գործակիցը պետք է որոշվի վարորդի վճարունակությունից ելնելով։ Գործակիցը չի կարելի որոշել ըստ աշխատավարձի չափի, քանի որ դա կպահանջի լրացուցիչ տեղեկանքների առկայություն և բացի այդ էլ աշխատավարձը միշտ չէ, որ համընկնում է իրական եկամտի հետ։ Օրինակ, վարորդը կարող է լինել մեծահարուստի զավակ, որը դեռ ուսանող է։
Գործակցի որոշման ամենահեշտ և արագ տարբերակը դրա սահմանումն է ըստ մեքենայի արժեքի։ Բավական է ունենալ նոր վիճակում բոլոր մեքենաների արժեքների ցուցակը և սահմանել մեքենաների արժեքների անկման ընդհանուր տոկոսաչափ՝ ըստ տարիների։ Արձանագրության մեջ լրացուցիչ ոչինչ նշել հարկավոր չէ։ Տուգանքը սահմանելիս “Փոսի Գայի”-ում համակարգիչը ըստ պետհամարանիշի կարող է որոշել մեքենայի մոդելն ու տարեթիվը և սահմանել գործակիցը։

 
     
 
Սիմոն Ավագյան
 
 
 
  Posted by Simon Avagyan 08/02/2009, last modified 08.02.2009