| |
Ինչպե՞ս մեղմել ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա։ Փորձենք անել առաջարկներ ըստ կոնկրետ ոլորտների։ Առաջարկներից մեկը վերաբերվում է տեղական արտադրողների օժանդակությանը, որին այսօր ձգտում են գրեթե բոլոր երկրների կառավարությունները։
Խնդիրն այն է, որ հարկավոր է հնարավորինս զգույշ օժանդակել սեփական արտադրողին, որպեսզի՝
ա. չստեղծվի անհավասար մրցակցային դաշտ օժանդակություն ստացող ընկերության և տվյալ ոլորտում աշխատող տեղական մյուս արտադրողների միջև,
բ. որևէ ոլորտի բոլոր ընկերություններին օժանդակումը կբերի տվյալ ոլորտի լճացմանը և մրցակցային առավելությունների զարգացման արգելակմանը,
գ. ներկրվող արտադրանքի տուրքերի բարձրացումը ևս կբերի տեղական արտադրանքի մրցակցային հատկանիշների նվազմանը, իսկ զգալի բարձրացումը կստեղծի լարված հարաբերություններ այլ երկրների հետ, որոնք կկիրառեն պատասխան քայլեր մեր արտադրողների նկատմամբ։ Մյուս կողմից էլ հնարավոր են չարաշահումներ տեղական որոշ անբարեխիղճ արտադրողների կողմից՝ գերշահույթի ակնկալիքով գների բարձրացման տեսքով, որն էլ կհարվածի սպառողների գրպանին։
Այս ամենը հաշվի առնելով սակայն, օժանդակությունը միաժամանակ պետք է լինի նաև զգալի, այլ ոչ թե ձևական։
Հասկանալով այս ամենը, ինչպե՞ս հասնել դրված խնդրի լուծմանը։
Պատասխանը պարզ է՝ օժանդակությունը պետք է լինի ոչ թե դրամական զանգվածի անմիջական ներարկման միջոցով, այլ միջնորդավորված տեսքով. միաժամանակ այն պետք է նաև արդյունավետ լինի։
Առաջարկվում է հետևյալը՝ դրամական միջոցները ուղղել տարբեր հեռուստաընկերություններում և այլ զանգվածային լրատվության միջոցներում գովազդային ժամանակի և տարածքի գնմանը, որը իր արժեքի չնչին չափով (ամբողջովին անվճար տրամադրելը կարող է բերել չարաշահումների) կտրամադրվի տեղական արտադրողներին՝ սեփական արտադրանքը գովազդելու համար։ Բնականաբար տրամադրվող գովազդի հնարավորությունը անսահման չի կարող լինել, ուստի կգործի լիմիտ՝ ամսական կտրվածքով։
Ի՞նչ կտա դա՝
1. զգալի կկրճատի ընկերությունների գովազդային ծախսերը և կստեղծի լրացուցիչ դրամական միջոցներ՝ առանց անմիջական դրամական ներարկման։ Փոխարենը ծրագրից օգտվող ընկերությունը պետք է պարտավորվի չբարձրացնել ներքի շուկայում իր արտադրանքի գները, այսինքն սպառողը ապահովվում է արտադրողի կողմից գերշահույթ ստանալու ակնկալիքով գների աճից։
2. չի բերի արհեստական մրցակցային անհավասարության միևնույն ոլորտի գովազդային արտոնությունից օգտվող և օգտվել չցանկացող ընկերությունների միջև։ Որը գնել՝ որոշում է սպառողը։
3. չի ստեղծի նաև մրցակցային զարգացման լճացում նույն ոլորտի ընկերությունների միջև, եթե նրանք բոլորն էլ ցանկանան օգտվել արտոնությունից։ Չէ՞ որ դրամը անմիջականորեն չի տրամադրվում՝ հետևաբար ընկերությունները պետք է ապավինեն իրենց արտադրանքի որակական ավելի բարձր չափանիշներին, որպեսզի իրենց գովազդը ավելի ազդեցիկ լինի։
4. ծրագիրը պետական բյուջեի վրա զգալիորեն էժան կնստի, քան անմիջական օժանդակությունը։ Այստեղ դեր կխաղա պետական ԶԼՄ-ների առկայությունը։
5. տրամադրված գումարը աննպատակ չի փոշիանում, քանի որ նպաստում է ԶԼՄ-ների զարգացմանն ու ֆինանսական վիճակի լավացմանը։ Կարելի է նաև սահմանափակել ՋԼՄ-ների քանակը՝ գովազդ գնելով միայն տեղական լրատվամիջոցներից՝ խուսափելով տրամադրված միջոցների դեպի արտերկիր արտահոսքից։
6. կբերելավվի նաև գովազդային շուկան, քանի որ ստանալով գրեթե անվճար գովազդայի հնարավորություն, ընկերությունները ավելի շատ գումար կսկսեն ծախսել հոլովակների և գովազդային նյութերի պատրաստման վրա։
7. Օժանդակությունը ձևական չի լինի, քանի որ գովազդը մեր երկրում արդեն իսկ շատ մեծ դեր ունի սպառողների կարծիքի ձևավորման հարցում։ Մյուս կողմից, սա որևէ պարտադրանք չի թելադրում ոչ արտադրողին, ոչ էլ սպառողին՝ վերջինս ամեն դեպքում ինքն է որոշում գնել տվյալ ապրանքը թե ոչ։
ՄԵՐ ՃԳՆԱԺԱՄԸ ՄԵԶ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ…
Խոսելով ճգնաժամի մասին, չենք կարող չանդրադառնալ շատ քննարկվող մի թեմայի՝ ճի՞շտ է արդյոք այս պայմաններում պետության հսկողության լծակների հզորացումը տարբեր (հատկապես տնտեսական) ոլորտներում։
Բերենք մի օրինակ՝ ասենք դուք ունեք ամառանոց, որը շրջապատել եք ցանկապատով։ Առանց ձեր համաձայնության ցանկացած մուտք հողամաս (ցանկապատի վրայով) բնականաբար կգնահատեք որպես ոտնձգություն ձեր սեփականության նկատմամբ։
Սակայն… Պատկերացրեք մի օր հողամասին հարող չորացած խոտը բռնկվում է և, Աստված մի արասցէ, կրակը ցանկապատի տակով անցնելով ձեր հողակտոր՝ սպառնում է ձեր փայտե տնակին։ Ի՞նչ կանի ամառանոցի կողքով պատահական անցորդը։ Արդյո՞ք դուք նրա գործողությունները կդիտեք որպես ոտնձգություն ձեր սեփականության հանդեպ, եթե նա անցնի ցանկապատի վրայով և հանգցնի կրակը։ Իհարկե ոչ։ Ընդհակառակը, եթե նա որևէ գործողություն չձեռնարկի, այլ ուղղակի անցնի կողքով, դուք նրան կմեղադրեք անգործության մեջ։
Ո՞րն էր բերված օրինակի միտքը՝ այն ինչ անընդունելի է սովորական պայմաններում, պարտադիր չէ, որ այդպիսին լինի նաև արտակարգ իրավիճակներում։ Այն ինչ առօրյա կյանքում պատժելի է, աղետի դեպքում կարող է անգամ անհրաժեշտ լինել։
Նմանապես, պետության լծակները ճգնաժամի պայմաններում կարելի է, և նույնիսկ որոշ դեպքերում անհրաժեշտ է ուժեղացնել…
Բնականաբար, ամեն ինչ գեղեցիկ է իր չափերի մեջ և այստեղ ևս պետք չէ ունքը շինելու տեղը աչքը հանել։
Հրդեհը հանգցնելուց հետո անցորդը պետք է դուրս գա ուրիշի հողակտորից։ Հակառակ դեպքում աղետից հետո նա կդառնա օրինախախտ, մինչդեռ աղետի ժամանակ նա հերոս էր։
|
|