ԱՄՆ ճգնաժամը
 
<<< Մայր էջ
   
 

Ճգնաժամի մասին այսօր խոսում են գրեթե բոլորը` բերում են պատճառներ, փորձում են կատարել կանխատեսումներ, անգամ հավատացնում են, որ ունեն դրա դեղատոմսը:
Մեջբերենք մի հատված պատահական անցորդի հարցումից: Անցորդը 40-45 տարեկան կին էր`
Թղթակից- ճգնաժամը անձամբ ձեր վրա ազդե՞լ է
Անցորդ- իհարկե~
Թղթակից- իսկ որտե՞ղ եք աշխատում
Անցորդ- չեմ աշխատում, տնային տնտեսուհի եմ
Թղթակից- այդ դեպքում ինչպե՞ս է ազդել ձեր վրա ճգնաժամը
Անցորդ- գիտեք, էն օրը հեռուստացույցով Ճապոնիայի վարչապետն էր խոսում, գիտե՞ք ի~նչ վատ բաներ ասեց… բա էդքանից հետո ո՞նց կարողա չազդի իմ վրա…

Մենք չենք փորձի ընդունել խելոք և մտահոգ դեմք ու պատմել ճգնաժամի առաջացման պատճառներից, հիպոթեքից, երկրորդային վարկավորումից և այլն: Ուղղակի փորձենք բացել ամբիոն այն հեղինակների համար, ովքեր գտնում են, որ ասելիք ու առաջարկելիք ունեն այս թեմայի մասին, ովքեր չեն վախենում քննարկման հանել իրենց մտքերը:
Իսկ որպեսզի նման քննարկման համար “հող” ստեղծենք, փորձենք ուղղակի պատասխանել “Cui prodest?”` ո՞ւմ է ձեռնտու հարցին, որը հնարավորություն կտա պարզել ապագայի պատկերը:
Այս հարցը բնականաբար շատերին է հուզել և համոզված ենք, շատերն են արդեն գտել դրա պատասխանը` ճգնաժամը նախևառաջ ձեռնտու էր ԱՄՆ-ին: Այստեղ պետք է տարբերակել “ԱՄՆ պետություն”, “ԱՄՆ ժողովուրդ” և “ԱՄՆ բնակիչ” կատեգորիաները: Հոդվածի ենթատեքստում “ԱՄՆ ժողովուրդ” ասելով հասկանում ենք իրենց ամերիկացի համարող և ամերիկյան արժեքներին հավատարիմ մարդկանց: Նրանք բնականաբար տուժեցին ճգնաժամից: Սակայն կա նաև մեկ ուրիշ հատված, որը բնակվելով Ամերիկայում` դավանում է այլ արժեքներ: Նրանց կանվանենք  “ԱՄՆ բնակիչ”: Վերջիններիս հիմնականում հաջողվեց ճգնաժամի ալիքից հետո մնալ ջրի երեսին: Թեմայի արծարծումը մեզ կարող է ներկայացնել որպես հակասեմիտ, բայց չլինելով այդ գաղափարի համակիրը, միևնույնն է կարող ենք նշել, որ եթե որևէ տնտեսության մեջ բացակայի “բանկ” տարրը, կամ գոնե լինի հնարավորինս սահմանափակ, ապա այդ տնտեսությունը թեպետև կզարգանա ավելի դանդաղ, բայց ապահոված կլինի պարբերական ճգնաժամերից, որոնք անխուսափելի են ներկայումս:
Բայց որոշել էինք չխոսել պատճառնելից, ուստի վերադառնանք բուն հարցին:
Ի վերջո, ո՞վ օգտվեց: Օգտվեց ԱՄՆ պետությունը: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարությունը իրականացնում է մասնավոր սեփականության վատ քողարկված պետականացում: Տնտեսության աջակցման քողի տակ պետությունը գնում է հզորագույն ընկերությունների բաժնետոմսերը դրանց արժեքի ասենք 2 տոկոսով, սակայն այդ ընկերությունները տիրապետում են գույքի, որը տասնապատիկ գերազանցում է դրանց “հետճգնաժամային” արժեքը:
Օրինակ, բանկը սննկացման եզրին է, քանի որ վարկառուները մասսայաբար չեն կարողացել վճարել հիպոթեքային վարկերը, նրանց բնակարանները անցել են բանկի սեփականության տակ, բայց բանկը չի կարող դրանք իրացնել պահանջարկի բացակայության պատճառով: Իրականում բանկը ունի կապիտալ, բայց այն անշարժ գույքի տեսքով է:
“Փրկելով” բանկին` պետությունը ձեռք է բերում այդ գույքը: Քանի որ ճգնաժամը ի վերջո ավարտվելու է, այդ գույքը կրկին պահանջարկ կունենա և այդ ժամանակ պետությունը ավարտված համարելով փրկչի իր առաքելությունը և “հավատարիմ մնալով շուկայական տնտեսության արժեքներին” կմասնավորեցնի այդ ընկերությունները` վաճառելով դրանց բաժնետոմսերը տասնապատիկ ավելի թանկ գնով: Սա հիշեցնում է Պանիկովսկու “գնել, հետո վաճառել ավելի թանկ գնով” գաղափարը:
Այսինքն ԱՄՆ-ը ընդամենը փորձում է փակել տարիների ընթացքում տարբեր պատճառներով առաջացած իր բյուջեի ծակերը: Լավ, իսկ եթե դա ձեռնտու էր ԱՄՆ պետությանը, միգուցե հենց նրա կողմից էլ ծրագրավորվա՞ծ էր ճգնաժամը: Չէ՞ որ նույն ասացվածքը կոնկրետացնում է, որ “Is fecit, Cui prodest”` արել է նա, ում ձեռնտու է: Եթե կարողանայինք իմանալ ամերիկյան տնտեսության հայրերի մտքերը, գուցե հաստատեինք կամ հերքեինք այս միտքը: Սակայն նման հնարավորություն չունենալով` կարող ենք միայն ենթադրել: Օրինակ, կարող ենք ենթադրել, որ ԱՄՆ կառավարությունը ուներ հնարավորություն զգալիորեն նվազեցնել ճգնաժամը` ժամանակին ֆինանսավորելով վարկառուներին, այլ ոչ թե ուշացումով՝ բանկերին:
Կարող ենք նաև ենթադրել, որ այս ճգնաժամից ԱՄՆ պետությունը դուրս կգա ավելի հզոր, իսկ այլ պետություններ` ավելի թուլացած, օրինակ, բնական ռեսուրսների էժանացման պատճառով:
Ի վերջո, ընդունված է քննադատել Բուշ կրտսերին անտաղանդ կառավարման համար և գովասանքով հիշել Քլինթոնին` տնտեսությունը զարգացնելու համար: Բայց սթափ նայելով հասկանում ենք, որ Բուշի վարչակազմը միայն փորձեց ամեն գնով ուղղել Քլինտոնի վարչակազմի փչած փուչիկի հետևանքները: Իսկ արդյունքները կքաղի արդեն Օբաման: Պահը երբեմն անարդար է գնահատում անհատներին, իսկ պահի սխալը, հուսով ենք, կուղղի պատմությունը:
Այս ամենը հասկանալով, միանգամայն պարզ է երևում լույսը թունելի վերջում: Եթե ԱՄՆ պետությունն է այս ամենի կազմակերպիչն ու շահառուն, ապա պետք է ենթադրել, որ իր նպատակին հասնելուց և պետականացման գործընթացը ավարտելուց հետո պետք է հետևի երկրորդ` բնակչության գնողունակության բարձրացման փուլը, որպեսզի գնված բաժնետոմսերը վաճառվեն ավելի բարձր գնով: Այսինքն գնման փուլի ավարտից հետո ԱՄՆ պետությունը իր ողջ գաղափարական ներուժը կներդնի ժողովրդի բարեկեցության բարձրացման և նոր փուչիկի ստեղծման գործում:
Հենց դա էլ կնշանավորվի որպես ճգնաժամի հաղթահարում ԱՄՆ-ում, Օբաման կդառնա ազգային հպարտության առարկա Քլինթոնի պես, իսկ նրա “փչած փուչիկի” հետևանքները նորից կնկնի հաջորդ նախագահի, միգուցե Բուշ կրտսերի որդու ուսերին:
Տպավորություն է, որ ԱՄՆ-ում դեմոկրատները ուղղակի “սարքում են” հանրապետականների գլխին:
Ինչպես նշվեց, այս հոդվածի նպատակը քննարկում սկսելն է, ուստի սպասում ենք մեկնաբանությունների:

 
 

 

 
     
 
Սիմոն Ավագյան
 
 
 
  Posted by Simon Avagyan 13/03/2009, last modified 13.03.2009