| |
Հայկական կոնյակը արդեն դարձել է մեր երկրի խորհրդանիշներից մեկը։ Մտավախություն կա սակայն, որ այն կարող է զիջել իր դիրքերը։ Անկախ Հայաստանը չէր կարող անտեսել միջազգայնորեն ընդունված անվանումները, ուստի հրաժարվեց “կոնյակ” բառի լատինատառ տարբերակից։ Որպեսզի հայկական “բրենդին” դառնա նույնքան ճանաչված “բրենդ”, ինչպիսին հայկական կոնյակն է՝ կպահանջվեն տարիներ։
Իսկ հնարավո՞ր է արդյոք վերականգնել լատինատառ կոնյակ անվանումը օրինական ճանապարհով՝ չխախտելով որևէ տարածքային անվանման սկզբունք։ Կարելի է փորձել։
Կոնյակի հետ կապված ողջ պրոցեսը Ֆրանսիայում կանոնակարգված է դեկրետներով, որոնցից վերջինը հրապարակվել է 2003 թվականին։* Դեկրետները հստակ սահմանում են անվանումների տարածքային պատկանելությունը, ինչպես նաև արտադրության և որակի վերահսկողության սկզբունքները։
Առաջարկը հետևյալն է՝
նախորոք բանակցելով Ֆրանսիայի կառավարության հետ և ստանալով նրանց համաձայնությունը՝ վերանվանել Հայաստանի գյուղերից մեկը “Կոնյակ”-ի և այդ վայրում հիմնել խաղողի աճեցման, մշակման և կոնյակի արտադրության ընկերություն։ Այսինքն լատինատառ “Հայկական կոնյակ” կանվանվի հայկական “Կոնյակ” գյուղի արտադրանքը։
Ի՞նչ կտա դա Ֆրանսիային՝
1. բնականաբար ֆրանսիական կողմը պետք է ունենա իր մասնաբաժինը ընկերության ստեղծման և շահույթի մեջ,
2. արտադրության սերտիֆիկացումը կկատարի Ֆրանսիայի “Կոնյակի ազգային միջմասնագիտական բյուրոն”, որը կատարում է կոնյակի սերտիֆիկացումը Ֆրանսիայում
3. ակնհայտ է, որ հայկական կոնյակը ավելի մեծ մասսայականություն է վայելում աշխարհում, քան ֆրանսիականը։ Թույլատրելով “Armenian kognak” անվանումը, ֆրանսիացիները ավելի մասսայական կդարձնեն հենց “kognak”-ը։
Իսկ ի՞նչ կտա դա մեզ՝
1. “Կոնյակ” անվանելու համար կարելի է ընտրել տարածք Արարատյան դաշտավայրի սահմանամերձ գյուղերից մեկը, որն ունի խաղողի աճեցման համար համապատասխան կլիմա։ Դա արագ կզարգացնի տվյալ սահմանամերձ տարածքի ինչպես գյուղատնտեսությունը, այնպես էլ վերամշակող արդյունաբերությունը՝ ապահովելով ներդրումների հոսք,
2. հայկական կոնյակի տարիներ տևած մասսայականացումը անօգուտ չի անցնի, և մենք կվայելենք նման բրենդ ունենալու օգուտները,
3. մեր կոնյակը արտերկրում կունենա մրցակցային մեծ առավելություն ԱՊՀ տարածքի այլ ոչ լատինատառ “կոնյակների” նկատմամբ,
4. դա նաև էլ ավելի բարեկամական կդարձնի մեր և ֆրանսիացիների հարաբերությունները։
* տեղեկությունները` wikipedia.org կայքի |
|