| |
Նախապես պլանավորված էր այս ոլորտի վերաբերյալ ևս նախագիծ առաջարկել: Սակայն նախքան հրապարակելը պարզվեց, որ բավականին մոտ ոգով մի օրենսդրական նախաձեռնությամբ արդեն հանդես է եկել ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը` հիմնական շեշտը դնելով օտարերկրյա քաղաքացիների համար .am տիրույթում դոմեյնային անունների* գնումը սահմանափակելու վրա:
Նախաձեռնության մասին տեղեկացանք ոչ թե դրա մասին կարդալով, այլ, ինչպես դա ցավոք սրտի հաճախ պատահում է, նախաձեռնության մասին քննադատական հրապարակում կարդալով:
Arka.am կայքում 20.01.2009-ին հրապարակված “ARKA” լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում “Ինտերնետ միություն” պրեզիդենտ Իգոր Մկրտումյանը քննադատաբար էր արտահայտվել այս մոտեցմանը: Ընդ որում փոխարենը չէր առաջարկել տիրող վիճակը լավացնելու իր տարբերակը:
Հարցազրույցը կարդալուց հետո ցանկություն առաջացավ Արմեն Աշոտյանին ուղղված բաց նամակի տեսքով հոդված գրել` հայտնելով նրան իմ զորակցությունը իր անչափ գովելի նախաձեռնության համար:
Ի վերջո որոշեցի համատեղել հոդվածն ու նախագիծը` ապացուցելու համար նախաձեռնության արդյունավետությունը:
Ծանոթ չլինելով պրն. Աշոտյանի հիմնավորումներին` կփորձեմ հիմնավորել ոլորտի կարգավորման անհրաժեշտությունը իմ արգումենտներով:
Նախ ներկայացնենք, թե ինչպիսին է վիճակը ներկայումս:
1. .am տիրույթում դոմեյնային անունների արժեքը բազմապատիկ անգամներ գերազանցում է անգամ առավել տարածված .com, .net, .ru, .org և այլ դոմեյնների արժեքը, ինչը համատեղելի չէ բնակչության եկամտի միջին մակարդակի հետ:
2. .am տիրույթի անունների վաճառքի ողջ պրոցեսում դե ֆակտո առկա է ընկերություններից մեկի /”Արմինկո”/ գերիշխող դիրքը: Նման դեպքում ոլորտը պարտադիր պետք է կարգավորվի օրենսդրորեն, այնինչ ոլորտը ապրում է “սեփական արտադրության” կանոններով, որոնք ըստ էության լավ կանոնակարգված չեն և երբեմն էլ խախտվում են:
3. կարճ և իմաստալից անունների գերակշռող մասը գտնվում է օտարերկրյա կիբերսկվոտերների** ձեռքում և լավագուն դեպքում օգտագործվում է այլ գովազդային կայքերին վերահասցեավորման համար, իսկ վատագույն դեպքում ընդհանրապես չի օգտագործվում: Համոզվելու համար բավական է բացել https://www.amnic.net/whois/ էջը և փնտրել մի քանի գեղեցիկ անուններ:
Դրա դեմ պայքարելու հավաստիացումները այնքան էլ համոզիչ չեն, քանի որ անկախ գրանցման նպատակից, գրանցող կազմակերպությունը ստանում է շահույթ տարեկան 50 դոլարի չափով` յուրաքանչյուր անվան համար:
Ի՞նչ է առաջարկում պրն. Աշոտյանի օրինագիծը`
արգելել օտարերկրյա քաղաքացիներին գնել անուններ .am տիրույթում:
Իսկ ինչպե՞ս է “ARKA”-ին տված հարցազրույցի ժամանակ իր հակառակ կարծիքը հիմնավորում պրն. Մկրտումյանը `
1. երկրներից մեծամասնությունում նման սահմանափակում չկա,
2. դա կսահմանափակի հանրահայտ ապրանքանիշերի կողմից անունների գրանցումը,
3. կսահմանափակի նաև սփյուռքի մեր հայրենակիցների հնարավորությունները անուն գնել .am տիրույթում:
Ի՞նչ կհակադարձենք այս քննադատությանը մենք`
1. Մեր կայքի սկզբունքն է ամեն ոլորտում մշակել մեր սեփական հայեցակարգը` չկրկնօրինակելով ուրիշներին: Նախքան ուրիշների հետ համեմատվելը պետք է գնահատել այն վիճակը, որ տիրում է այնտեղ: Ինչո՞ւ օրինակ չհամեմատել դոմեյնների գները միջին աշխատավարձի հետ մեր երկրում և արտասահմանում:
2. հանրահայտ ապրանքանիշներին դա չի սահմանափակի, քանի որ առանց այդ էլ դրանք օգտվում են որոշակի արտոնություններից: Կարելի է թույլ տալ արտոնություններ նաև այս հարցում,
3. սփյուռքահայերը ևս, եթե անգամ սահմանափակվեն էլ, ապա միայն նվազագույն չափով: Նախ նրանցից շատերը գերադասում են գնել անուններ .ru, .com, .net և այլ ավելի հանրահայտ և ավելի էժան տիրույթներում, բացի այդ նրանցից շատերը կամ մեր երկրի քաղաքացի են, կամ էլ ունեն Հայաստանի քաղաքացի հանդիսացող բարեկամներ, որոնք կարող են գրանցել անունը .am տիրույթում:
Այս կատեգորիայից գուցե դուրս են մնում սակավաթիվ սփյուռքահայեր, որոնք գուցե տարեկան մեկ կամ երկու անուն են գրանցում .am տիրույթում:
https://www.amnic.net/whois/ էջում մեր “դեգերումները” 100-ից ավելի անունների շրջանում տերերի տվյալները իմանալու համար նման անձանց ի հայտ չբերեցին:
Ի վերջո, տիրույթները ոչ թե ազգային, այլ տարածքային բնույթ ունեն:
Կարելի է ասել, որ եթե ԱՄՆ-ում ապրող և ԱՄՆ-ի քաղաքացի հանդիսացող հայը իր կայքը տեղադրի ոչ թե.am, այլ ասենք .com տիրույթում, ապա դրանից ոչ մի կատաստրոֆա տեղի չի ունենա: Այդ նույն հայը ուտում է ամերիկյան հաց և խմում է ամերիկյան ջուր: Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք սահմանափակում ենք հայկական ջուրը խմելու նրա իրավունքը: Նա ինքն է սահմանափակել այդ իրավունքը` մեկնելով ԱՄՆ և փոխարենը ստանալով այլ իրավունք, ասենք Մայամիի լողափը կամ Օբամայի երդմնակալությունը դիտելու իրավունքը:
4. եթե օրինագիծը հաստատվի, գրանցողները ստիպված կլինեն իջեցնել գները, քանի որ դրանց արժեքը բավականին թանկ է մեր բնակչության համար::
Իսկ ի՞նչ թույլ կողմ ենք մենք տեսնում օրինագծում`
Կիբերսկվոտերները կարող են “քոչել” Հայաստան: Այսինքն տեղում գտնել մի հայի, որը իր անունով, բայց իրենց հաշվին կգրանցի անունը:
Ունի՞ արդյոք այս խնդիրը լուծում`
բացի առաջարկվածից, կարելի է կիրառել պայմանագիրը վաղաժամկետ չեղյալ հայտարարելու և դոմեյնային անունը ազատելու պրոցեդուրան, եթե դոմեյնի տերը չի օգտագործում այն երկար ժամանակ /ասենք 6 ամիս/, կամ օգտագործում է բացառապես մեկ այլ գովազդային կայքի վրա վերահասցեավորման նպատակով: Լավ կլինի նաև կրկնակի կրճատել անվան ամրագրման դեպքում վճարումը կատարելու համար տրվող ժամկետը:
Իսկ կա՞ արդյոք միջանկյալ տարբերակ Արմեն Աշոտյանի նախագծի և Իգոր Մկրտումյանի կարծիքի միջև`
Կարելի է ոչ թե արգելել, այլ սահմանափակել .am տիրույթում գրանցվելու արտերկրի քաղաքացիների հնարավորությունները` դոմեյնային որևէ անուն ազատվելուց հետո որոշ ժամանակ /օրինակ 2 ամիս/ թույլատրել դրա գրանցումը միայն ՀՀ քաղաքացիներին: Եթե ժամկետը լրանալուց հետո անունը դեռ ազատ է մնում, կարող են այն գրանցել նաև ոչ ռեզիդենտները:
Կարիք կա նաև էապես նվազեցնել անունների սակագինը ՀՀ քաղաքացիների համար. այժմ ԱԱՀ-ի հետ այն կազմում է տարեկան 13200 դրամ: Համեմատության համար ասենք, որ, օրինակ .com տիրույթում, ըստ registrar.am էջի տվյալների, անունը արժի 8,99 դոլար /մոտ 2750 դրամ/:
Բնականաբար, եթե առկա է որևէ ընկերության գերիշխող դիրքը` անհրաժեշտ է ոլորտը կարգավորել օրենքի մակարդակով: Գրանցման գործընթացը պետք է լինի առավելագույնս թափանցիկ` օգտագործողները մշտապես պետք է հնարավորություն ունենան դիտել այդ պահին հասանելի անունների ցուցակը, ինչպես նաև դրանց ժամկետները լրանալու մասին ինֆորմացիան, հատկապես եթե տեղի է ունեցել օպերատորի միջամտությամբ ժամկետների փոփոխություն:
Հակառակ դեպքում ռիսկ կա, որ վաղը կարող է որևէ գրանցող կազմակերպություն /կամ աշխատակիցներից որևէ մեկը/ ինքը վերածվի կիբերսկվոտերի:
* դոմեյնը ինտերնետի հիերարխիկ կառուցվածքի ճյուղ է, որը նշանակվում է ունիկալ դոմեյնային անունով /սահմանումը` wikipedia.org կայքի/: Դոմեյնային անուններ են օրինակ our.am-ը, arca.am-ը և այլն:
** կիբերսկվոտինգը հանրահայտ ընկերությունների անվանումներին համահունչ կամ պարզապես “գեղեցիկ” դոմեյնային անունների ձեռքբերումն է` հետագայում դրանց վերավաճառքի կամ դրանցում գովազդի տեղադրման նպատակով /սահմանումը` wikipedia.org կայքի/: |
|
| |
Հարգելի պարոն Ավագյան,
Թույլ տվեք հայտնել որոշ մեկնաբանություններ Ձեր կողմից հրապարակված հոդվածի վերաբերյալ: Նշված մեկնաբանությունները արտահայտում են իմ տեսակետը և չեն հանդիսանում Ինտերնետ միության կողմից հաստատված դիրքորոշում:
Մեր կայքի սկզբունքն է ամեն ոլորտում մշակել մեր սեփական հայեցակարգը` չկրկնօրինակելով ուրիշներին: Նախքան ուրիշների հետ համեմատվելը պետք է գնահատել այն վիճակը, որ տիրում է այնտեղ: Ինչո՞ւ օրինակ չհամեմատել դոմեյնների գները միջին աշխատավարձի հետ մեր երկրում և արտասահմանում:
Ողջունում եմ Ձեր կայքի սկզբունքը և հրավիրում եմ հայեցակարգի մշակման գործընթացին, առանց ուրիշներին կրկնօրինակելու: Ավելին, առաջարկում եմ գլխավորել այդ հայեցակարգի մշակման գործընթացը, հայտնում եմ իմ պատրաստակամությունը աջակցել գիտելիքներիս և հնարավորություններիս սահմաններում:
«Այնտեղ տիրող» վիճակի գնահատումը բարդ գործընթաց է, իմ հնարավորությունները թույլ չեն տալիս գնահատել, օրինակ, Ինտերնետը ստեղծող Միացյալ Նահանգներում այդ ոլորտում տիրող վիճակը: Բանն այն է, որ քանակային փոփոխությունները, առաջացնելով նոր որակ, ենթադրում են հենց այդ քանակի առկայություն մեր երկրում: Ցավոք, իմ կարծիքով, նոր որակ առաջացնող քանակ մենք դեռ չունենք:
Միջին աշխատավարձը ՀՀ-ում 230 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ էր 2008 թ–ին, այն ժամանակ, երբ որակավորված մասնագետի աշխատավարձը ՏՀՏ ոլորտում մի քանի անգամ ավելի բարձր է: Դոմենների անունների քանակի ավելացումն է, որ հանդիսանում հաշվեգրման գների իջեցման գրավականը, և ոչ ռեզիդենտներին հաշվեգրման իրավունքից զրկելը, ինչը կհանգեցնի անունների քանակի նվազեցման: Ցավոք, դոմենների քանակը աճում է չափից դուրս դանդաղ, անհրաժեշտ է այն խթանել և հասնել գոնե մերձբալթյան երկրներում գրանցված դոմենների քանակին (50000-60000 դոմեն համեմատական բնակչության դեպքում): Գների մասին՝ Լեհաստանում դոմենի գրանցումը կազմում է 47 դոլար, Հունաստանում` 30 Եվրո, Իռլանդիայում՝ 63 Եվրո: Թուրքմենիայում 600 դոլար արժեցող գրանցումը տասնյակ անգամներ գերազանցում է այդ երկրում միջին աշխատավարձը: Պատրաստ եմ ներկայացնել համեմատական մանրամասն վերլուծություն՝ աշխարհում գործող գրանցման սակագների վերաբերյալ:
... հանրահայտ ապրանքանիշներին դա չի սահմանափակի, քանի որ առանց այդ էլ դրանք օգտվում են որոշակի արտոնություններից: Կարելի է թույլ տալ արտոնություններ նաև այս հարցում, ...
Չեմ պատկերացնում այդ արտոնությունները, առավել ևս՝ ինչպես տալ այս հարցում արտոնություններ: Առաջինն ինչ որ կարելի է ենթադրել, փորձագիտական քննության անցկացումն է, արդյոք այս կամ այն անունը հանդիսանում են հանրահայտ ապրանքանիշեր:
Սա իր հերթին նշանակում է միջազգային համաձայնեցում ամեն մի հաշվեգրման համար, գործնակակնում դա կպահանջի տարիներ, այդ աշխատանքի համար անհրաժեշտ է նախատեսել ֆինանսավորում, ինչն իր հերթին պետք է հանգեցնի հաշվեգրման գների աճի: Նույն միջազգային փորձը չի նախատեսում նման գործընթաց, ինչը պայմանավորված է, մասնավորապես, հաշվեգրման գների ցածր մակարդակի պահպանման ձգտումով:
.... սփյուռքահայերը ևս, եթե անգամ սահմանափակվեն էլ, ապա միայն նվազագույն չափով: Նախ նրանցից շատերը գերադասում են գնել անուններ .ru, .com, .net և այլ ավելի հանրահայտ և ավելի էժան տիրույթներում, բացի այդ նրանցից շատերը կամ մեր երկրի քաղաքացի են, կամ էլ ունեն Հայաստանի քաղաքացի հանդիսացող բարեկամներ, որոնք կարող են գրանցել անունը .am տիրույթում:
«Նվազագույն» հասկացությունը պարզաբանման կարիք ունի, իսկ այն, որ Սփյուռքին ուղղում ենք մեր երկրից հեռու գտնվող ուղղությամբ, հակասում է Սփյուռքի ինտեգրման քաղաքականությանը. հիշենք միայն Սփյուռքի նախարարություն ստեղծելը: Բարեկամները, անշուշտ, վստահելի են, սակայն ոչ բոլոր գործառույթները արժե վստահել բարեկամներին...
...100-ից ավելի անունների շրջանում տերերի տվյալները իմանալու համար նման անձանց ի հայտ չբերեցին:
Հիմնահարցն այստեղ այն է, որ մարդն այն ազգին է պատկանում, ինչպես որ ինքն է համարում: Հնարավոր չէ կենսաբանական հետազոտություններով հաստատել, որ այս մարդը, օրինակ, բուլղարացի է: Այս առումով հետաքրքիր կլիներ տեղեկանալ փնտրտումների հիմքում դրված մոտեցումների մասին:
Ի վերջո, տիրույթները ոչ թե ազգային, այլ տարածքային բնույթ ունեն:
Ընդունված է օգտագործել «աշխարհագրական», բառը, սակայն ոչ մի սահմանափակում չկա համակարգչին տալ .com-ով կամ .ru-ով ավարտվող դոմենը Հայաստանում: «Ազգային բնույթ» հասկացությունը հազիվ թե նպատակահամար է օգտագործել տառաթվային հաջորդականության համար, որով կազմավորվում է դոմենային անունը:
Ընդհանուր առմամբ, խտրականությանն ու մեկուսացմանն ուղղված ցանկացած քաղաքականություն վաղ թե ուշ հանգեցնելու է բացասական արդյունքների: Հիշենք ինքնամեկուսացմանն ուղղված Չինաստանի որոշումը 15-րդ դարում, ինչի հետևանքով Եվրոպացիները նվաճեցին ամբողջ աշխարհը, տեսնենք, թե ինչպես երբեմնի հզոր Ռուսաստանը առաջատար երկրից ԽՍՀՄ մեկուսացման տարիների ընթացքում դարձավ զարգացող երկիր, օրինակները հնարավոր չէ թվարկել, այնքան շատ են: Հիշենք, որ մեր օրենսդրությամբ ամրագրված է «քաղաքացի» հասկացությունը, որն ընդգրկում է ՀՀ քաղաքացիներին, այլ երկրների քաղաքացիներին և առանց քաղաքացիության անձանց: Իրավունքների առումով սահմանափակումները վերաբերում են միայն քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքներին: Աշխարհը զարգանում է տարբեր մշակույթների փոխադարձ հարստացմամբ, «ազգային բնույթը» հենց այն նեցուկն է, որով փոխադարձ հարստացումը չի դառնում կլանման կամ վերացման գործընթաց: |
|